Մատչելիության հղումներ

Երեկվա խաղից հետո սևամորթ անգլիացի ֆուտբոլիստների հասցեին հնչեցվել են ռասիստական վիրավորանքներ


Սևամորթ անգլիացի Բուկայո Սական չի կարողանում իրականացնել 11-մետրանոցը, և Անգլիան պարտվում է, «Ուեմբլի», Լոնդոն, 11 հուլիսի, 2021թ.
Սևամորթ անգլիացի Բուկայո Սական չի կարողանում իրականացնել 11-մետրանոցը, և Անգլիան պարտվում է, «Ուեմբլի», Լոնդոն, 11 հուլիսի, 2021թ.

Անգլիայում երեկ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի են ունեցել տգեղ զարգացումներ: Ընտրանին 11-մետրանոցներով զիջել է Իտալիայի թիմին:

11-մետրանոցներում վրիպած սևամորթ ֆուտբոլիստներ Մարկուս Ռաշֆորդի, Ջեյդոն Սանչոյի և Բուկայո Սակայի հասցեին սոցիալական ցանցերում հնչեցվել են կոպիտ հայհոյանքներ և ռասայական բնույթի վիրավորանքներ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խստորեն դատապարտել է այդ երևույթը և հայտարարել է, որ «թեպետ թիմը պարտվել է, անգլիացի ֆուտբոլիստները միևնույն է` ժողովրդի համար հերոսներ են, քանի որ մինչև վերջ ազնիվ կռիվ են մղել»: Վարչապետի փոխանցմամբ, անգլիացիները պետք է հպարտանան այդ թիմով:

«Նրանք, ովքեր նման տգեղ բաներ են գրել, պետք է ամաչեն»,- հայտարարել է վարչապետը, նշելով, որ մարզիչ Գարեթ Սաութգեյթի և բոլոր ֆուտբոլիստների կատարած աշխատանքը միայն գովասանքի է արժանի:

Խիստ բողոք և վրդովմունք է հայտնել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ընկերակցությունը):

«Այդօրինակ կեցվածքը պարզապես նողկալի է, մենք ամեն ինչ կանենք նման հարձակումներից տուժած ֆուտբոլիստներին սատարելու համար, կոչ ենք անում ամենայն խստությամբ պատժել այդ կարգի մեկնաբանությունների հեղինակներին»,- հայտարարել է Անգլիայի ֆուտբոլի ընկերակցությունը:

Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննելու է ռասայական բնույթի վիրավորանքների միջադեպերը:

«Մեզ հայտնի են ռասիստական մեկնաբանությունների դեպքերը, դրանք բացարձակ անընդունելի են և անպայման կհետաքննվեն»,- հայտարարել է Լոնդոնի ոստիկանության կենտրոնական վարչությունը:

Երեկվա եզրափակիչից հետո Լոնդոնում տեղի են ունեցել անկարգություններ, բախումներում տուժել է մոտ երկու տասնյակ ոստիկան, մի քանի տասնյակ կարգազանցներ ձերբակալվել են:

ՈւԵՖԱ-ն նույնպես խստորեն դատապարտել է ռասիստական բնույթի վիրավորանքները երեկվա խաղից հետո և հայտարարել է, որ միանշանակ սատարում է Անգլիայի ֆուտբոլի ընկերակցությանն ու պահանջում է ամենախիստ եղանակով պատասխանատվության ենթարկել ատելության խոսք տարածողներին:

XS
SM
MD
LG