Մատչելիության հղումներ

Փարիզը մտադիր է բանակցել Մոսկվայի հետ շամպայնի շուրջ


Ֆրանսիական տարբեր ընկերությունների արտադրության շամպայններ, արխիվ
Ֆրանսիական տարբեր ընկերությունների արտադրության շամպայններ, արխիվ

Ռուսաստանում ընդունված ու արդեն ուժի մեջ մտած օրենքը կարող է վնասներ հասցնել շամպայն արտադրող ֆրանսիական ընկերություններին։ Օրենքը վերաբերում է դրսից ներմուծվող ապրանքների մակնշմանը, և ըստ այդ այդմ՝ Ֆրանսիայից ներմուծվող շամպայնի պիտակին պետք է գրված լինի «փրփրուն գինի», իսկ ռուսական արտադրության շամպայնը շարունակելու է վաճառվել «շամպանսկոե» պիտակով։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ խորհրդարանում ասել է, թե առաջիկա օրերին պատրաստվում են թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ եվրոպական մակարդակով անդրադառնալ այդ իրավիճակին, պաշտպանելու համար Ֆրանսիայի արտադրողների շահերը՝ կապված աշխարհագրական անվանումների հետ։

«Հաշվի առնելով ռուսական օրենսդրությամբ սահմանվող բոլոր սահմափակումները՝ առաջիկա օրերին մենք Ռուսաստանի իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունների միջոցով, ինչպես նաև եվրոպական հարաբերությունների մակարդակով կաշխատենք՝ պաշտպանելու մեր արտադրողների շահերը, մասնավորապես՝ մեր աշխարհագրական ծագումով անվանումների հետ կապված», - ասել է նա։

Ժան-Իվ Լը Դրիանը նշել է, որ որ ռուսական օրենքը կարող է բացասական ազդեցություն ունենալ գինի և ոգելից խմիչքներ Ռուսաստան արտահանող ընկերությունների վրա։ Նա ասել է, որ ռուսական օրենսդրությունը կոնկրետ Ֆրանսիայի դեմ չէ ուղղված, բայց նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ այն թիրախավորում է ֆրանսիական որոշակի ապրանքներ, մասնավորապես՝ շամպայնը, և Ռուսաստանում շարունակում է գինու ոլորտում պրոտեկցիոնիստական միջոցների տրամաբանությունը, ինչն արդեն որոշ ժամանակի ընթացքում գոյություն ուներ։

Ֆրանսիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի կարգավորել ստեղծված իրավիճակը։

Ֆրանսիական կողմը հնարավոր է դիմի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որն անդամ երկրների միջև առևտրային վեճերը լուծելու մեխանիզմներ ունի։

Ֆրանսիայում Շամպայն-Արդեն կոչվող շրջան կա, և այդտեղի արտադրողները պնդում են, որ միայն իրենց արտադրանքը կարող է վաճառվել «շամպայն» անվանումով, իսկ ռուսական նոր ուժի մեջ մտած օրենսդրությունը նրանք մեկնաբանում են որպես իրենց անվան հաշվին ռուս արտադրողներին օգուտ բերող քայլ:

Ռուսաստանում բարի սեփականատեր և գինու գիտակ Ալան Բիգատին Reuters-ին ասել է, թե ֆրանսիական շամպայնը որպես «փրփրուն գինի», իսկ ռուսականը՝ որպես շամպայն վաճառելը կոռեկտ չէ և ճիշտ չէ։

Ֆրանսիան հետևում է, որ այլ երկրների խմիչքները չկրեն իր աշխարհագրական անվանումները, նման մի օրինակ է Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը, որ հայկական արտադրողները «կոնյակ» և «շամպայն» անվանումը չօգտագործեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG