Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ը հայտնում է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառքի դեպք բացահայտելու մասին


100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցները կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքն են բացահայտել:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) պաշտոնատար անձ Լ.Ա.-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, պատասխանատու լինելով մշակել 2021-ին ԲՈՒՀ ընդունվելու համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննության թեստերը, պարտավոր լինելով պահպանել միասնական քննությունների թեստերի բովանդակության գաղտնիությունը, մասնակցել միասնական քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերի կազմակերպմանն ու անցկացմանը, այս տարվա միասնական քննությունների մասնակից Ա.Հ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն, այն է՝ «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ մեկուկես միլիոն դրամին համարժեք 3 հազար դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրը ստանալու վերաբերյալ:

Լ.Ա.-ն հուլիսի 1-ին ժամը 15-ի սահմաններում այցելել է դիմորդի մոր՝ Երևանում գտնվող գրասենյակ և անձամբ ստացել 3 հազար դոլար կաշառքը, ինչից անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը:

ԱԱԾ քննչական դեպատամենտում հարուցված քրեական գործի շրջանակում կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաև կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են:

Կաշառք ստացած պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», որը պատժվում է 7-ից մինչև 12 տաևրվա ազատազրկմամբ, դատարանի որոշմամբ Լ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG