Մատչելիության հղումներ

Առերևույթ ընտրական հանցագործությունների մասով հարուցվել է 60 քրգործ, քրեական հետապնդում` 66 անձի նկատմամբ


Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում, հարուցվել 60 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 66 անձի նկատմամբ, ամփոփելով հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ողջ ընթացքում հանցավոր իրավախախտումների և արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների արդյունքները` հայտնում է գլխավոր դատախազությունը:

Ընդհանուր 861 հաղորդումներից 371-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանց արդյունքում, ըստ դատախազության, 270 նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 41-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում: Իսկ 60 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, քրեական հետապնդում է իրականացվել 66 անձանց նկատմամբ, որոնցից 65-ն ունեն մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի:

«Այս գործերով քրեական հետապնդման ենթարկված 7 անձ հանդիսացել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի՝ 2 կուսակցության և 2 կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու, որոնցից 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Հայաստան» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության», - նշված է ամփոփման մեջ:

Հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորության թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG