Մատչելիության հղումներ

Նյու Յորքի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Trump Organization-ին


Դոնալդ Թրամփ և Ալեն Վայսելբերգ, արխիվ

Նյու Յորքի դատախազությունն անցած գիշեր պաշտոնական մեղադրանք է առաջադրել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող ընկերությունները միավորող Trump Organization հոլդինգին և դրա ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգին։ Թրամփի բիզնես կայսրության ներկայացուցիչները կասկածվում են «անօրինական վճարումների լայնածավալ և հանդուգն մեխանիզմի ստեղծման մեջ»։

Ամերիկացի քննիչների պնդմամբ՝ Թրամփին պատկանող ընկերությունները 15 տարի շարունակ խուսափել են հարկերից, ինչպես նաև զբաղված են եղել խարդախությամբ, ունեցվածքի բռնագրավումներով և փաստաթղթերի կեղծմամբ։

Վայսելբերգը, ով Դոնալդ Թրամփի ընկերությունում աշխատում է արդեն 48 տարի, մեղադրվում է պետությանն առնվազն 1 միլիոն 700 հազար դոլարի վնաս հասցնելու մեջ։

CNN-ի տեղեկություններով՝ ներկայացված մեղադրանքները ԱՄՆ նախկին նախագահին ուղղակիորեն չեն առնչվում, սակայն դատախազությունում հույս ունեն, որ Վայսելբերգը կհամագործակցի քննիչների հետ։ «Նյու Յորքի դատախազությունում չեն բացառում, որ նրա ցուցմունքները կարող են առանցքային նշանակություն ունենալ թե՛ ողջ հետաքննության և թե՛ Դոնալդ Թրամփին հնարավոր մեղադրանքների առաջադրման տեսանկյունից» , - պնդում է CNN-ը։

Թրամփին պատկանող ընկերության ներկայացուցիչները, մինչդեռ, մեղադրանքները կտրականապես հերքում են։ Ինքը նախկին նախագահը Նյու Յորքի դատախազության գործողությունները «վհուկների որս» է անվանել։

XS
SM
MD
LG