Մատչելիության հղումներ

ԳԱԱ նորընտիր նախագահը հույս ունի, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը կվերադարձվի քննարկման դաշտ


Հայաստանի ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյան

Գիտությունների ազգային ակադեմիան նոր պրեզիդենտ ունի և ակադեմիկոսներն ուրախ են, որ նա երիտասարդ է, ընդամենը 64 տարեկան։

«Ես ինքս բժիշկ եմ, գիտեմ՝ տարիքը իր դերը կատարում է», - ասում է ակադեմիս Վիլեն Հակոբյանը։

83-ամյա Հակոբյանի խոսքով, իրենց՝ ակադեմիկոսների համար դժվար էր նախագահ ընտրել, քանի որ շարքերում միայն տարեցներ են։

Ուղիղ 7 տարի ակադեմիան ակադեմիկոսների նոր ընտրություն չի արել, այնինչ շուրջ 35 հոգի վախճանվել է։ Ակադեմիկոսների շարքերում երիտասարդներ չկան, քանի որ կառավարությունը անընդհատ ընտրության հարցն օրակարգից հանել է։
Ակադեմիայի 15 տարվա նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վաղը աշխատասենյակը կհանձնի Աշոտ Սաղյանին։ Քիմիկոս Սաղյանը 80-ից ավելի ոչ սպիտակուցային ամինաթթուներ է սինթեզել և ակադեմիայի հեռացող նախագահի տպավորությամբ՝ գիտական միտքը ապրանք դարձնելու առումով լավ օրինակ է. - «Սաղյանը ձգտում ունի գիտական արդյունքը վերածելու նյութականի»։

Սաղյանի ղեկավարած «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի մշակած ու արտադրած պատրաստուկները գնում են բելգիական, գերմանական ընկերություններ։ Տարիներ շարունակ ակադեմիա -կառավարություն բանավեճի առանցքում հենց գիտական միտքը կիրառության մեջ դնելու հարցն է։

Գիտնականներն այսօր էլ ասում են այն, ինչ միշտ են ասել։ «Պատվեր չկար, որովհետև այդտեղ չկար ճիշտ մոտեցում երևի, չկար պահանջարկ», - ասում է Ռադիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, հայ գիտնականները ռազմարդյունաբերության ոլորտում էլ կարող էին օգտակար լինել։ Տեղեկատվական համակարգերի, թռչող սարքերի մշակման գիտական պոտենցիալ, ասում է, կա, պետության պատվերը չկա և լավ վերաբերմունքը։ Ավելին, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով ակադեմիան կորցնում է վերահսկողությունն իր 33 ինստիտուտների նկատմամբ, վերածվում է գիտնականներին տիտղոս բաժանող մի ընթացիկ կազմակերպություն։

Օրենքը ուժի մեջ չի մտել, Հանրապետության նախագահը այն վիճարկում է բարձր դատարանում։ Ակադեմիայի նորընտիր նախագահը հույս ունի, որ օրենքը կվերադառնա քննարկումների դաշտ. - «Ճիշտ կլինի, որ վերադարձնեն քննարկման դաշտ, և ակադեմիան պետք է ունենա այստեղ լուրջ մասնակցություն»։
Ակադեմիան պետք է պահպանվի որպես հիմնարար գիտական ներուժը համախմբող օղակ, ասում է նոր նախագահը. - «Ճկուն քաղաքականություն պետք է վարի և ակտիվ գործունեություն։ Տեսնենք ինչ է ստացվում։ Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք պայքարելու, պահելու այն ավանդույթները, ինչ որ Գիտությունների ազգային ակադեմիայում եղել են՝ իհարկե դրանք վերափոխելով դեպի այսօրվա պահանջները»։

44-օրյա պատերազմից հետո ակադեմիայի նախագահությունը ողջ կազմով պահանջում էր կառավարության հրաժարականը։ Ժողովրդի ցավի հետ էինք, ասում է Մարտիրոսյանը, ինքն էլ անձնական ցավ ուներ. Ադրբեջանի հսկողության տակ անցած Մատաղիսում է ծնվել, դպրոցն էլ իր անունն էր կրում. - «Ես տասը տարիների ընթացքում աշխարհի տարբեր մասերից կոպեկ-կոպեկ հավաքելով կառուցեցի դպրոց։ Մի փայլուն, հոյակապ դպրոց, որը կոչվում էր իմ անունով։ Հիմա ո՞ւր ա, որտե՞ղ ա... Ես հիմա կարող եմ ասել կեցցե մեր իշխանությո՞ւնը»։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլում մի շարք ակադեմիականներ, Աշոտ Սաղյանը նույնպես, մի ընդհանուր հայտարարությամբ կոչ էին արել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Սաղյանն ասում է՝ ակադեմիան ապաքաղաքական կառույց է, և այդ ամենը չի անդրադառնալու ակադեմիա - կառավարություն համագործակցության վրա։ «Ընդդիմադիր լինելը գործին չի օգնի», - իր իսկ ելույթից մի հատված է մեջբերում Ռադիկ Մարտիրոսյանը՝ շարունակելով. - «Այն դեպքում, երբ քննադատության կարիք լինի, մենք կքննադատենք։ Բայց նաև անպայման կկատարենք մեր երկրի իշխանության, կառավարության ծրագրերի իրականացումը»։ Ակադեմիայի հեռացող ու նորընտիր նախագահները շեշտում են ՝ հակադրություն չեն փնտրում, այլ գիտնականների ստեղծած նոր գիտելիքներով երկրի տնտեսությանը, ռազմարդյունաբերությանը, բոլոր ոլորտներին օգտակար լինելու ուղիներ։

Էլի են հիշեցնում՝ պետությունը պիտի պատվեր տա , ֆինանսավորի իրենց։

Էլի են հիշեցնում՝ «Սկոպիուս» միջազգային վիճակագրական ընկերությունը 8800 գիտական կազմակերպություն է առանձնացրել ողջ աշխարհում, ու այդտեղ 12-ը Հայաստանի ակադեմիական ինստիտուտներն են։

«Որպեսզի իմանաք շատ է, թե քիչ, մեր հարևանը՝ Վրաստանը ունի ընդամենը մեկ կազմակերպություն։ Էլ ո՞նց կարող ենք ասել՝ մենք արդյունք չունենք, չունենք։ Ուրիշներն են գնահատում, մենք չենք դա ասում», - նշեց Մարտիրոսյանը։
Ակադեմիական համակարգն այսօր 3 հազար 500 աշխատող ունի, մեծ մասը գիտաշխատողներ են՝ ամսական 100 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG