Մատչելիության հղումներ

Ընտրված համայնքապետերին փոխելու ցանկության պարագայում, իշխանությունն, ըստ փաստաբանի, կարող է խնդիրների բախվել


Իրավապաշտպան Գևորգ Գյոզալյանը, արխիվ

Արդյոք կադրային ջարդն իշխանությունը սկսելու է Երևանի քաղաքապետից. դժգոհությունը չեն թաքցնում, բայց ոչ աշխատանքից, այլ որ նախընտրական փուլում Հայկ Մարությանը այնքան էլ տեսանելի չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրին»։

Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը շատ կարճ արձագանքեց՝ չի կարծում:

Իշխանության ընտրական ցուցակը գլխավորած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում ոչ ֆիզիկական, քաղաքական ու քաղաքացիական վենդետաներ էր խոստանում: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն ընտրություններից հետո Հանրայինի եթերում երեկ հայտարարում էր՝ ստացել են կադրային ջարդի մանդատ, կատարելու են կադրային ջարդ. «Պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթական ուժի»:

Ի՞նչ կադրերի են պատրաստվում ջարդել, ցանկն արդեն ունե՞ն, ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանն ասում է՝ ինքը նման քննարկումների ներկա չի եղել, եթե այդպիսիք ընդհանրապես եղել են։ Նրա կարծիքով՝ կադրային ջարդ պետք է իրականացվի բոլոր այն համայնքի ղեկավարների, վարչության պետերի նկատմամբ, որոնք փորձել են ճնշում գործադրել ենթակաների վրա՝ հանրահավաքների մասնակցելու, այս կամ այն ուժին ընտրելու համար։ Բացի այդ, իշխանական պատգամավորը կարծում է՝ կադրային ջարդ պետք է իրականացվի նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։

«Նրանք ոչ միայն վարչապետի հրաժարականն էին պահանջում, այլ մենք տեսանք՝ ինչպիսի գործողություններ էին կազմակերպում Սյունիքում: Ես գրեթե վստահ եմ, որ Սյունիքում տեղի ունեցած այն միջադեպը վարչապետի հետ կապված կազմակերպել էին նաև որոշ համայնքապետեր, և նրանք, այո, չպետք է պաշտոնավարեն», - նշեց Հակոբյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «ինչո՞ւ է իշխանությունը զբաղվում նրանցով, թող օրենքը զբաղվի, եթե գտել եք որոշակի խախտումներ», պատգամավորը պատասխանեց. «Վարչապետը բազմից ասել է՝ լինելու է օրենքի դիկտատուրա: Երբ որ ասում ենք՝ կադրային ջարդ, դա նույնպես պետք է լինի օրենքով»:

Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պահանջել էին Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, այդ թվում՝ բոլոր քաղաքապետերը, իսկ վարչապետի՝ Սյունիք բողոքի ակցիաներով ու հայհոյանքներով ուղեկցված այցից հետո, ըստ Քննչական կոմիտեի, խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քրեական գործով մեղադրյալներ են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ու նրա տեղակալ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

«Կադրային ջարդուփշուր ասվածը օրենքով առհասարակ նախատեսված չէ, ակնհայտ է, որ այս կոնտեքստը հենց քաղաքական գնահատական է այնպես, ինչպես ասֆալտին փռելը և մնացած ամեն ինչը», - ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

Փաստաբանի կարծիքով՝ քաղաքական հայտարարություն է հնչել, խնդրահարույց կլինի, եթե դրան հետևեն պաշտոնից ազատումներ, բայց յուրաքանչյուր դեպքով պետք է նայել՝ ինչ հիմքով, արդյոք քաղաքական հետապնդում չէ։ Քաղծառայողների իրավունքները, ըստ Գյոզալյանի, հանրային ծառայության մասին օրենքով, Աշխատանքային օրենսգրքով ու բազմաթիվ այլ գործիքակազմերով պաշտպանված են, իսկ ընտրված համայնքապետերին փոխելու ցանկության պարագայում, իշխանությունը, ըստ փաստաբանի, կարող է խնդիրների բախվել։

«Այստեղ ակնհայտորեն եթե գործադիրը փորձի ճնշումներ գործադրել, ինչ-ինչ խնդիրներ ստեղծել, որպեսզի նա դիմում գրի գնա, սա ևս ես կհամարեմ անօրինական», - ընդգծեց նա:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը լսել է Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, նրան այն խիստ խոցելի է թվացել. բազմաթիվ պրոֆեսիոնալների այս իշխանությունը անտեսել է, իրենց բերած կադրերը շատ դեպքերում ամբողջական ոլորտներ են տապալել, ասում է իրավապաշտպանը։

«Որոշներին հեռացնում էին, հետո չէին պարզաբանում, թե ինչու հանեցին, ինչ եղավ, ինչպես եղավ: Փոխվեցին ԱԱԾ տնօրեններ, պաշտպանության նախարար, արտգործնախարար, հետո այդ նույն Արմեն Գրիգորյանն ասում է, որ նա խանգարում էր գերիների վերադարձին, երկրորդ կարծիքը մենք դեռ չենք լսել, արտգործնախարարը չի խոսում, ոչ մի պարզաբանում չեն տվել՝ ինչու է նա գնացել: Ինչպե՞ս կարելի է մարդու մասին այդպիսի հայտարարություններ անել, երբեք հաշվի չեն առել՝ ում ընտրեն, ում բերեն, պրոֆեսիոնալ մարդկանց անտեսել են: Այնպես որ, եթե ջարդելու են իրենց բերած կադրերին, կողմ ենք բոլոր մատներով և ձեռքերով», - հայտարարեց Ալեքսանյանը:

XS
SM
MD
LG