Մատչելիության հղումներ

«Վստահ ենք գնահատականների մեջ, որ արել ենք». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար


Ընտրություններից հետո արած մեր նախնական հայտարարության մեջ ասել ենք՝ գործընթացն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին: Նրա տեղեկացմամբ` իրենց դիտորդական առաքելությունն արդեն հինգ շաբաթ է Հայաստանում։ Նրանց երկարաժամկետ դիտորդները աշխատել են երկրի բոլոր մարզերում։ Իսկ բուն քվեարկության օրը ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներ են ունեցել։

«Ազատության» հետ զրույցում Օուեն Մերֆին անդրադառնում է նաև ընդդիմության հայտարարություններին, թե բազմաթիվ ընտրախախտումներ են արվել:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկում էին մոտ 500 միջազգային դիտորդներ։

Հարցազրույցը` ստորև.

Հրայր Թամրազյան. – Պարո՛ն Մերֆի, Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ Ձեր նախնական գնահատականում, որը ընդգրկում էր և՛ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը, և՛ բուն քվեարկության օրը, Դուք բավականին դրական գնահատական եք տալիս՝ ասելով, որ բոլոր թեկնածուները «կարող էին ազատորեն ընտրարշավ իրականացնել, քվեարկողներին տրամադրվել է ընտրության լայն հնարավորություն»։ Դուք իրականում սահմանափակ թվով խախտումների դեպքեր եք գրանցել, այնպիսի խախտումներ, ինչպիսիք են խմբերով քվեարկությունը, ուրիշի համար քվեարկությունը կամ ընտրողի վրա ազդելու փորձերը։

Նաև ձայների հաշվարկի գործընթացում եք հայտնաբերել որոշակի թերություններ, բայց, ինչպես արդեն ասել եք, դրանք բավականին աննշան էին։ Քվեների հաշվարկը ընդհանուր առմամբ դրական է գնահատվել, բայց հիմա ընդդիմությունը պնդում է, որ զանգվածային ընտրախախտումներ են եղել, օրինակ, որ եղել է զինծառայողների կողմից խմբային քվեարկություն, և ըստ նրանց պնդման՝ նրանց հրահանգել են քվեարկել իշխող կուսակցության օգտին։ Ընդդիմությունն ասում է, որ կբողոքարկի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։ Ինձ թվում է, որ նրանց պնդումները մեծապես տարբերվում են Ձեր արձանագրածից, Ձեր գնահատականներից։ Ինչպե՞ս կարձագանքեք այս պնդումներին։

Օուեն Մերֆի. – Կոնկրետ պնդմանը արձագանքելու փոխարեն, ես կբացատրեի, թե ինչ եք մենք արել։ Որովհետև մեր դիտորդական առաքելությունն արդեն հինգ շաբաթ է այստեղ։ Մեր երկարաժամկետ դիտորդները աշխատել են երկրի բոլոր մարզերում։ Իսկ բուն քվեարկության օրը մենք ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներ ենք ունեցել։ Դա մեզ հնարավորություն տվեց այցելել երկրի ընտրական տեղամասերից ավելի քան կեսը։ Ուստի մենք վստահ ենք այն գնահատականների մեջ, որ արել ենք, վստահ ենք, որ այն արտացոլում է այն, ինչ իրականում տեղի է ունեցել։

Այնպես որ ընտրություններից հետո արած մեր նախնական հայտարարության մեջ մենք ասել ենք, որ գործընթացը ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էր, ասել ենք, թե ինչ ենք արձանագրել քվեարկության օրը՝ դրան ընդհանուր առմամբ դրական գնահատական տալով։ Բայց մենք դեռ շարունակում ենք դիտորդություն իրականացնել, դեռ Երևանում կմնանք ու կհետևենք բողոքարկման ընթացակարգերի հետ կապված գործընթացին, որովհետև դա էլ է ընտրությունների մաս կազմում։ Ու եթե քաղաքական ուժերից մեկը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան, դա իրենց իրավունքն է, մենք այդ գործընթացին էլ կհետևենք։

Հրայր Թամրազյան. – Բայց կան նաև հակառակ պնդումները։ Նույնիսկ տեղական դիտորդները, այդ թվում` նրանք, ովքեր բավական լավ համբավ ունեն և մեծ դեր են ունեցել նախորդ ընտրությունների դիտորդական աշխատանքներում, պնդում են, որ այնպիսի ընտրախախտումները, ինչպիսիք են ընտրողներին կաշառք բաժանելը կամ ընտրողների վրա ազդեցություն գործելը, եղել է ընդդիմության կողմից։ Դուք նման բան դիտարկե՞լ եք, տեսե՞լ եք։

Օուեն Մերֆի. – Խախտումների մասին կային տարբեր պնդումներ ողջ ընտրական գործընթացի ընթացքում, այդ թվում` բուն քվեարկության օրը։ Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում բոլոր այն պնդումներին, որոնց վրա հրավիրվում է մեր ուշադրությանը, մենք դիտարկում ենք դրանք։ Եվ դա արտացոլվել է մեր նախնական հայտարարության մեջ, կարտացոլվի նաև մեր վերջնական զեկույցում, որը կհրապարակվի մոտ երկու ամսից։

Եղել են միջադեպեր, որոնց մասին հաղորդվել է իրավապահներին, բայց մենք դրանցով չենք զբաղվում, որովհետև մենք դիտորդներ ենք, մենք պետք է հետևենք, թե արդյոք պնդումները զեկուցվեն են, և արդյոք իրավապահները զբաղվում են դրանցով։ Եվ մենք, օրինակ, գիտենք, որ գլխավոր դատախազը հետևում է մի շարք գործերի, որոնք վերաբերում են ենթադրյալ ընտրակաշառքի, գիտենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստեր է անցկացրել՝ կապված չարաշահումների հետ և հետամուտ է եղել դրանց։

Այդ գործընթացները դեռ չեն ավարտվել, մենք կհետևենք դրանց։ Բայց եթե մի քայլ հետ անենք ու ավելի խոշոր պատկերով դիտարկենք, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ժամանակ, քարոզարշավի ժամանակ և բուն քվեարկության օրը, կային միջադեպեր, որոնք չէիր ուզենա տեսնել, բայց որոնք ընդհանուր արդյունքի վրա չեն ազդել։ Դրանք ընդհանուր առմամբ չեն ազդել քարոզարշավի վրա։

Եվ մենք մատնանշում ենք այն ոլորտները, որտեղ մենք ինքներս տեսել ենք դժվարություններ։ Դրանք տեղ կգտնեն ապագայի մեր առաջարկությունների մեջ։ Դա, օրինակ, ընտրական տեղամասերի հասանելիությունը, ընտրական տեղամասերի ընթացակարգերին միջամտության որոշ դեպքեր, կան հարցեր կապված ընտրական տեղամասերում աշխատող մարդկանց ոչ բավարար պատրաստվածության մակարդակի հետ։ Այս խնդիրները մենք մատնանշել ենք մեր նախնական հայտարարության մեջ, մենք հետամուտ կլինենք դրանց և կներառենք մեր առաջարկների մեջ։

XS
SM
MD
LG