Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն առանձին հանդիպումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Ծառուկյանի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա:

Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստան»-ը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունն ունենալ քաղաքական գործընթացներում:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը չափազանց գնահատելի է համարել կուսակցության վերջին տարիների դերակատարումը երկրի քաղաքական կյանքում։

Նշվել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից:

Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ, կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի:

Հանդիպումներին մտքեր են փոխանակվել նաև ներքաղաքական իրավիճակի շուրջ:

7-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր երկու ուժերը՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին չհաղթահարեցին անցողիկ 5 տողոկսի շեմը, ԼՀԿ-ն հավաքեց 1,13, իսկ ԲՀԿ-ն՝ 4.10 տոկոս ձայն։

XS
SM
MD
LG