Մատչելիության հղումներ

Ներդրվում է էլեկտրոնային ՀԴՄ համակարգ՝ օնլայն առևտուրը խթանելու համար


Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, անկախ նրանից՝ կազմակերպությունը խոշոր է, թե փոքր, և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով, կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։

«Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը», - ասված է հաղորդագրությունում:

Էլեկտրոնային ՀԴՄ գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։

Պարտադիր պայման է՝ էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։

Էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG