Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կքննի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու հարցը


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի 20-րդ համարի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու հարցը։ Պրոֆեսորը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։

Ըստ իրավապահների, Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

Չարչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ չի ընդունում մեղադրանքը, ինքն այս ընթացքում արձակուրդում է եղել և որպես գործատու չի հանդես եկել հայտնի ժողովում, որի ձայնագրությունը տարածվել էր համացանցում. – «Իմ արած գործողությունների մեջ չկա... Ես կարող եմ ձեզ խնդրել, դա պարտադրանք չէ, կարող ձեզ հորդորել, դա պարտադրանք չէ, կարող եմ ձեզնից պահանջել և դուք իմ պահանջը չկատարեք, դա նույնպես պարտադրանք չէ: Այ եթե ես ձեզնից պահանջելուց, խնդրելուց կամ հորդորելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ դուք դա անեք, այդ դեպքում ա դա պարտադրանք: Իմ ասածի մեջ երբեք պարտադրանք չկա»:

Չարչյանը շեշտեց՝ հրաժարվել է ցուցմունք տալ և իր նկատմաբ տեղի ունեցածը քաղաքական տեռոր է համարում. – «Սա փաստում է այն, որ էս քաղաքական տեռորը ուղղակիորեն ազդում է Հայաստանի քաղաքացու առողջության վրա»:

Այսօր դատարանի բակում էին նաև հայտնի ժողովի մասնակից բուժաշխատողները: Նրանցից մեկն «Ազատությանն» ասաց. – «էդ պարտադրանք բառը հունից հանում ա բոլորին... Ստեղ ոչ մեկի չեն պարտադրել: Բոլորը հասուն, կայացած մարդիկ են, ու ոչ մեկի չեն կարա ոչ մի բան պարտադրեն»:

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ թիմակցի քրեական գործի մասին խոսեց նաև դաշինքի առաջնորդ Քոչարյանը. – «Մեր հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանեն կալանքի մի ուղղակի աբհեթեթ մեղադրանքով: Եվ 5 հազար զոհի պատասխանատու ու մեղավոր դարձած անձինք փորձում են կալանավորել մի բժշկի, որը հազարավոր կյանքեր է փրկել: Սա է այս իշխանության իրական դեմքը»:

Քվեարկությունից երկու օր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել մի ձայնագրություն, որտեղ Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում, պարտադրում էր գնալ քվեարկության և անպայման մասնակցել ընտրություններին։ Ավելին՝ լսվում է նաև, թե ինչպես է զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Չմասնակցողների հանդեպ էլ վերաբերմունքը կփոխվի, հայտարարում է նա։

«Դե հիմա ես բացատրեմ բոլորիդ, թե ինչ նկատի ունեի կոշտ վերաբերմունք ասելով: էստեղ Իզմիրլյանի ժողովուրդն ա հավաքված, որևէ մեկը ձեզանից եթե դիմել ա ինձ և խնդրել ա հորը, մորը, ընտանիքի անդամին կատարել վիրահատություն, կամ հետազոտություն անցկացնել, և դրա համար գումար չեն ունեցել, բոլորի խնդրանքը ես հարգել եմ, բոլորը անվճար, հիվանդանոցի հաշվին բուժում են ստացել, հետազոտություն են ստացել, հարգել եմ իրենց: Իսկ եթե իրանք չեն հարգի իմ խնդրանքը, իմ հորդորը, ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրանց»:

Ձայնագրության մեջ Չարչյանը նաև հիշեցնում է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինիս դիրքորոշումն այն է, որ գործող իշխանությունների օգտին չպետք է քվեարկել։

Այսօրվա տվյալներով ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցված է երեք տասնյակից ավելի քրեական գործ։ Երեկ երեկոյան ևս մեկ ընտրակաշառքի դեպքի մասին հաղորդեց գլխավոր դատախազությունը։ Քրեական գործը հարուցվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավելի քան 30 ընտրողի կաշառք բաժանելու փաստով։ «Ազատության» տվյալներով, այս գործով ձերբակալվել էր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուն, որին դատարանը հետո ազատ արձակեց։ Այս գործով կասկածյալ է ինչպես թեկնածուն, այնպես էլ նրա հետ կաշառք բաժանելու համար պայմանավորված քաղաքացին և կաշառք ստացած 6 ընտրողները։ 8 կասկածյալներից 7-ը ստորագրություն են տվել չհեռանալու մասին։

Հատուկ քննչական ծառայությունն էլ փոխանցում է, որ ընտրակաշառք տալու և ստանալու հոդվածով հարուցվել է ևս երկու քրեական գործ՝ մեկը Վեդի քաղաքի, մյուսը Եղեգնաձորի դեպքերին է վերաբերում։ Վեդիում քաղաքացին 30.000 դրամ է ստացել համաքաղաքացուց՝ դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։ Վերցնելուց հետո 20.000 դրամը ծախսել է անձնական կարիքների համար, իսկ 10.000 դրամը ներկայանալով ոստիկանություն՝ հանձնել է նրանց։ Երկուսի նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվել, նրանք ստորագրություն են տվել չհեռանալու մասին։

Եղեգնաձորում էլ դաշինքներից մեկի թեկնածուն երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 դրամ ընտրակաշառք։ Թեկնածուն կալանավորված է։ Իրավապահների տվյալներով՝ կալանավորված թեկնածուները 3-ն են, ևս 4-ը դեռևս կասկածյալ են։

XS
SM
MD
LG