Մատչելիության հղումներ

8/16 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել


Լուսանկարը՝ 168․am-ի տեսանյութից։
Լուսանկարը՝ 168․am-ի տեսանյութից։

Երեկ, ընտրական գործընթացի ավարտից հետո, քվեաթերթիկների հաշվարկի փուլում Երևանի 8/16 ընտրատեղամասում բանավեճը վերածվեց թեժ վեճի․ գործի դրվեցին աթոռն ու ծաղկամանը։

««Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վստահված անձին». համացանցում նման վերտառությամբ տեսանյութ հայտնվեց։ Միջադեպի հետևանքով վնասվածք է ստացել ՀԱԿ-ի վստահված անձ Լուսիկ Աքուլյանը։

Թե ով էր իրականում նետել աթոռն ու ինչն էր միջադեպի պատճառը, պարզաբանում է Սուրեն Սահակյանը․ - «Պատգամավորի թեկնածուի իմ իրավունքները խախտվելու բերումով տեղի է ունեցել բանավեճ ՔՊ կուսակցության վստահված անձի և «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի միջև, խոչընդոտել են իմ մուտքը ընտրատեղամաս։ Ինձ հարցրեց էդ վստահված անձը՝ Նիկոլի՞ց ես, ասի չէ, ասեց՝ դե գնա, դուք մեզ պետք չեք։ Շատ ագրեսիվ խուլիգանական վարք են դրսևորել էդ ընթացքում, տեղի ա ունեցել քաշքշուկ, և ողջամիտ կասկած առաջացավ, որ ինձ ներս չեն թողնում, որովհետև էնտեղ թաքցնելու բան կա»։

Նախնական արդյունքներով, ընտրություններում 0,3 տոկոս քվե ստացած կուսակցության ներկայացուցչի խոսքով, մինչ ինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի միջոցով փորձել է հարցը լուծել ու հանձնաժողովի նախագահին համոզել, որ ինքն իրավունք ունի ներկա գտնվել հաշվարկման գործընթացին, նշված անձինք հորդորել են հեռանալ, իսկ ինքը պաշտպանել է իր իրավունքները, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վեճը։

Ինչ վերաբերում է աթոռ նետելուն, ապա Սուրեն Սահակյանը հերքեց, որ ինքն է նետել աթոռը․ - «Իհարկե, փիլիսոփայորեն կարող եմ հնարավորություն թողել, որ իմ գործողություններից որևէ մեկից ա ինքը վնասվածք ստացել, բայց պրակտիկորեն ինքը իմ տեսադաշտում երբեք չի եղել, և ես բացառում եմ։ Հավանաբար, էդ քաշքշոցի մեջ ինքը ուրիշ ինչ-որ բանի ա կպել, կամ արմունկ ա կպել, որովհետև էն առարկաները, որ օդ էին բարձրանում, եթե իրան կպնեին, վնասվածքը ավելի լուրջ կլիներ»։

Թե որքանով է վնասվածքը լուրջ, հայտնի չէ։ Լուսիկ Աքուլյանի հետ զրուցել չհաջողվեց, բայց նա իրեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի, իսկ հարվածը ստացել է պատահականության հետևանքով, փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ։

Տարածված տեսանյութում երևում է, որ ինչ-որ բան է նետում է սև շապիկով տղամարդը, ով, ըստ Սուրեն Սահակյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերոնշյալ վստահված անձն է՝ Արմեն անունով, և աթոռը նետում է հենց Սուրեն Սահակյանի վրա։ Ինքը, Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է եղել։

Ավելին, «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար անդամը մեզ տրամադրեց մեկ այլ տեսանյութ, որտեղ նույն անձը նույն տեղամասում վիճաբանում է այլ անձանց հետ։

Փորձեցինք միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակից, բայց զանգերն անպատասխան մնացին։

Դեպքի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել տեղամասային կենտրոնում բռնություն գործադրելու կամ սպառնալիք հնչեցնելու և ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու հատկանիշներով, տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ - «Պատժվում է արարքը նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ երեք տարի ժամկետով։ Նաև որպես լրացուցիչ պատիժ կարող է կիրառվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը մեկից երեք տարի ժամկետով։ Իսկ 141 պրիմ 2 հոդվածի 1-ին մասի հետ կապված, որպես պատիժ նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Նախաքննության վերաբերյալ այլ մանրամասներ դատախազությւոնը առայժմ չի տրամադրում։

XS
SM
MD
LG