Մատչելիության հղումներ

Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից մի քանիսը չեն ընդունում ընտրությունների նախնական արդյունքները


A

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը չհաղթահարած 22 քաղաքական ուժերից մի քանիսը շնորհավորում են «Քաղաքացիական պայմանագրին», մյուսները հայտարարում են, թե չեն ընդունում արդյունքները։

Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը», որը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 1 տոկոսը, հայտարարել է, թե «կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ կշարունակի ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում, և վերահաստատում համոզմունքն առ այն, որ Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը»։

Հաղթանակ տարած «Քաղաքացիական պայմանագրին» շնորհավորել են 1,5 քվե ստացած «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» գլխավորող Արման Բաբաջանյանը և Արամ Սարգսյանի ղեկավարած ու ավելի քան 3 տոկոս քվե ստացած «Հանրապետություն» կուսակցությունը։

Հաղթելու դեպքում իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն կողմ արտահայված «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը ընդգծել է. - «Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը»:

2004-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը 2007-ից ներկայացված էր Ազգային ժողովում, այս ընտրություններին ստանալով գրեթե 4 տոկոս քվե, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն առայժմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, ԲՀԿ-ականների հետ կապ հաստատել չհաջողվեց՝ պարզելու, թե արդյոք բիզնես կայսրության սեփականատեր Ծառոուկյանը հեռանում է քաղաքականությունից, թե կշարունակի կուսակցական գործունեությունը։

Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը ևս հանդես չի եկել հայտարարությամբ։ Թեև երեկ, նախքան արդյունքների հրապարակումը, առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ ընտրություններում ուղղորդման, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր են արձանագրել։

Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները չեն ընդունում ընտրություններին մասնակից մի շարք կուսակցություններ։ Օրինակ՝ «Հայոց հայրենիքը» դիմելու է Սահմանադրական դատարան արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ ընտրությունները գնահատում են «ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող»: Ի տարբերություն տեղական ու միջազգային դիտորդների, որոնք խոսում են արդար ու թափանցիկ ընտրությունների մասին, «Հայոց Հայրենիքը» այս ընտրությունները որակել է Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրությունները:

«5165» շարժումը համարում է, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները։ Նշում են՝ ընտրություններին առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն էլ պնդում է՝ ընտրություններն անցկացվել են մի շարք խախտումներով։ Նշում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ և, որ քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին այդ նպատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG