Մատչելիության հղումներ

Քոչարյանի գլխավորած դաշինքը քվեարկության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ինչպես «Ազատության» հետ զրույց ասաց Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, չի ընդունում քվեարկության արդյունքները և դրանք վիճարկելու է Սահմանադրական դատարանում։

Սաղաթելյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։

Հետագա անելիքների մասին Ռոբերտ Քոչարյանը կխոսի վաղվա ասուլիսում։

Քոչարյանի գլխավորած ուժը ստացած ձայներով երկրորդ տեղում է։ Դաշինքը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների 21,04 տոկոսի կամ 268 հազար 300 քվե։ Խորհրդարանական ընտրությունների հրապարակված արդյունքներով առաջին տեղում Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» է, ստացել է ընտրության մասնակիցների 53,92 տոկոսի ձայները։ Երրորդ տեղում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոսով։ Թեև դաշինքը չի հաղթահարել նվազագույն 7 տոկոսի շեմը, բայց սահմանադրական պահանջով անցնում է խորհրդարան։

Ընտրության արդյունքների վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել գիշերը, երբ քվեարկության պատկերը դեռ ամբողջական չէր։ Դաշինքի գնահատմամբ՝ հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում․ - «Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ։ Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին»:

Հաշվի առնելով այս ամենը՝ «Հայաստան» դաշինքը անմիջապես ուսումնասիրելու է արձանագրված և ենթադրվող խախտումները․ - «Եվ քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»։

«Պատիվ ունեմ» դաշինքը ընտրության արդյունքների վերաբերյալ գնահատական դեռ չի տվել։ Շտաբից հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին՝ խոստանալով ավելի ուշ հանդես գալ հայտարարությամբ։

XS
SM
MD
LG