Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հաջողություն է մաղթում Փաշինյանին ու նրա թիմին


Արխիվային լուսանկար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ Հարությունյանի ուղերձում մասնավորապես, ասված է.- «Ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին:

Հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները՝ հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին», - ասել է Արցախի նախագահը։

Հարությունյանը հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Հաջողություն եմ մաղթում նաև ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին: Համոզված եմ՝ ստացած յուրաքանչյուր քվե պետք է ծառայեցվի համազգային շահերին ու իղձերին՝ կայուն, կառուցողական ու հարգալից քաղաքական միջավայրում: Պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները մեզ այլ ուղի չեն թողնում, քան դեմ հանդիման կանգնել դրանց և միասնական ջանքերով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները դարձնել ավելի անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք մեր ժողովրդի համար՝ հանուն մեր գալիք սերունդների ու Հայոց Հայրենիքի հարատևման», - իր ուղերձում ասել է Արայիկ Հարությունյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:

XS
SM
MD
LG