Եվրամիությունը պետք է շարունակի «դժվարին երկխոսությունը Ռուսաստանի հետ», նախօրեին Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։
«Ռուսաստանը լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Ռուսաստանը ԵՄ մայրցամաքային հարևանն է, մենք նաև տեսնում ենք այն հիբրիդային հարձակումները, որոնց թիկունքում այդ երկիրն է։ Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանի հետ երկխոսության շարունակությունը բխում է մեր իսկ շահերից։ Որքան էլ դժվար լինի, մենք պետք է շարունակենք այդ երկխոսությունը, եթե իհարկե ցանկանում ենք պահպանել ԵՄ կայունությունն ու անվտանգությունը», - հայտարարում էր Մերկելը։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով` ԵՄ-ն պետք է շարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ` հաշվի առնելով նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում վերջերս նկատվող զարգացումները։
«Ես վստահ եմ, որ երբ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հանդիպում է իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, եվրոպացիները պետք է նույնն անեն», - հայտարարում էր Անգելա Մերկելը։