Քննչական կոմիտեում մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ:
ՔԿ-ից հաղորդում են, որ նշված 22 դեպքերից 4-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելուն, 5-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 1-ը՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ բարեգործության արգելքը խախտելուն, իսկ 1-ը՝ նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:
Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու 1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից մեկը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուս հինգով նախաքննությունը շարունակվում է:
Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպքերից մեկով հարուցված քրեական գործով մեկ անձ կալանավորվել է: