Մատչելիության հղումներ

Լավրովն Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի հնարավոր տեղակայման մասին «ասեկոսեները չի մեկնաբանում»


Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունն աննկատ չի անցել Մոսկվայի համար։ Սակայն, եթե Կրեմլը խոսում է մտահոգությունների մասին, Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, թե «ասեկոսեներ» չի մեկնաբանում, այն դեպքում, երբ այդ «ասեկոսեների» հեղինակը Թուրքիայի նախագահն է։

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Մոսկվայի համար հատուկ ուշադրության առիթ է, այսօր, մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին Անկարայի հայտարարությունն՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին՝ երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի համաձայնագրի շրջանակներում: Էրդողանը նաև հավելել էր, որ առաջիկայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանի հետ Պուտինի հնարավոր հանդիպման մասին Պեսկովն այսօր չի խոսել, փոխարենը լրագրողներին ասել է․ - «Մեր սահմանների մոտ դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի ծավալումը մեզ համար հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերի ապահովման համար անհրաժեշտ քայլերի պատճառ»։

Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունն՝ այն անվանելով «ասեկոսեներ»: «Մենք չենք քննարկել այդ հարցը և ասեկոսեներ չենք մեկնաբանում», - ասել է Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը չի բացառել, որ Ադրբեջանի հետ նախօրեին ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում, մասնավորապես, նշված է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, և որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»:

Մոտավորապես նման պայմանագիր էլ Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց ստորագրել էր Հայաստանը Ռուսաստանի հետ։ Վերջին ղարաբաղյան պատերազմի օրերին, ռուսաստանցի պատգամավորներն ու փորձագետները հաճախ էին գլուխ գովում այն բանի համար, որ չնայած Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, Ռուսաստանին հաջողվել է չեզոք միջնորդի դեր ստանձնել այդ պատերազմի ժամանակ և հետո, ու, վերջապես, իր խաղաղապահներին տեղակայել Ղարաբաղում։

Ռուսաստանցի փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում

Այսօր Էրդողանի՝ Ադրբեջանում թուրքական հնարավոր ռազմաբազայի մասին հայտարարությունից հետո, ռուսաստանցի պատգամավորներն ու փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում, և ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազան Ադրբեջանում լուրջ վտանգ է Ռուսաստանի համար։

Եվս մեկ հետխորհրդային հանրապետություն՝ Ադրբեջանը, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Պետդումայի պաշտպանության կոմիտեում կարծում են, որ ՆԱՏՕ-ի ամենահին անդամներից մեկի՝ Թուրքիայի հետ բազմաթիվ զորավարժություններից և նույնիսկ ռազմական գործողություններից հետո Բաքվի համար ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն ժամանակի հարց է:

«Փորձագետներն ավելի զուսպ են նման գնահատականներում, բայց ընդունում են, որ եթե Թուրքիայի նախագահն իրոք Ադրբեջանում ռազմաբազա տեղակայի, Ռուսաստանի արձագանքը խիստ բացասական կլինի», - այսօր գրել է gazeta.ru- ն և մեջբերել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Շերինի խոսքերը․ - «Այն պահից, երբ Ադրբեջանը թուրքական բանակի հետ միասին կռվել է ՀԱՊԿ անդամի դեմ, Ադրբեջանին փաստացի կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ։ Դե յուրե անդամակցությունն ընդամենը ժամանակի հարց է»։

Նշենք, որ մինչև անցած տարվա պատերազմը ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու նույնիսկ տեսական հնարավորության մասին չէին խոսում, ավելին՝ Մոսկվան պարբերաբար խոսում էր ՀԱՊԿ-ին և Եվրասիական Միությանն Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին։

XS
SM
MD
LG