Մատչելիության հղումներ

Փաշինյան. Գերիների վերադարձը հույս է ներշնչում՝ կունենանք տարածաշրջանային մթնոլորտի փոփոխություն


Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հանրահավաքի ընթացքում, խոսելով ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, Փաշինյանը նշեց. «Առաջին հենասյունը անվտանգությունն է, երկրորդ հենասյունը տնտեսությունը, երրորդ հենասյունը իրավունքը և արդարությունը, և չորրորդը՝ մարդկային կապիտալի զարգացումը: Տնտեսության զարգացումը բերում է նոր բյուջետային եկամուտներ, որը հնարավորություն է տալիս ավելի շատ ներդրում անել անվտանգության ոլորտում, անվտանգության ապահովումը հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ մարդկային կապիտալի զարգացման հիմնահարցերի վրա: Մարդկային կապիտալի զարգացումը հնարավորություն է տալիս ունենալ իրավունքի և արդարության ավելի բարձր մակարդակ և ստանդարտներ: Արդարության և իրավունքի ավելի բարձր ստանդարտները նոր հնարավորություններ են ստեղծում տնտեսության զարգացման համար»:

Փաշինյանը նշեց, որ առաջիկայում նախատեսում են նաև ապահովել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծելով՝ «մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն»:

«Այսինքն՝ կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք», - հայտարարեց Փաշինյանը՝ աբսուրդ որակելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին. «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ` տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Եվ Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար, և սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար` լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի` այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումները, մասնավորապես, այն փաստը, որ շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. «Եվ չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով: Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` բոլոր ռազմագերիները շատ շուտով վերադառնալու են հայրենիք, միաժամանակ կարևորեց, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ` օր առաջ` առանց հակամարդկային սակարկումների:

«Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը` նման քայլերով առաջ գնալու, և մեր այդ դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են և համոզվել են դրանում», - շեշտեց նա:

Նշենք, որ այս ընտրություններում, ըստ տարբեր հարցումների, կա երկու առաջատար ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հայաստան» դաշինքը: Երկուսն էլ վաղը՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում նախատեսում էին հանրահավաք, սակայն հունիսի 15-ին Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հանրահավաքի օրը փոխում են` բախումներից խուսափելու համար:

XS
SM
MD
LG