Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանի խոսքով` Երևանում բոլոր տվյալները վկայում են, որ ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվի


«Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն այդպես էլ չծավալվեց ծրագրերի ու գաղափարների շուրջ, այլ անձնավորվեց և ավելի շատ գործող իշխանության ու նախկինների միջև: Այնինչ, իրենք առաջարկում էին բավականին լուրջ ծրագիր և պատրաստ էին դրա շուրջ բանավեճի:

«Մենք որևէ մրցակցության չհանդիպեցինք, մենք առաջարկեցինք կոնկրետ ծրագիր ինչպես արդեն մինչև այս տարվա վերջ մեր բանակի վերակազմակերպման, վերազինման, վերապատրաստման համար և եվրոպական չափանիշներին համապատասխան նոր մակարդակի մեր բանակը բերելու համար, Ֆրանսիայի հետ կնքել ռազմաքաղաքական համաձայնագիր: Դա կոնկրետ ծրագիր է:

Մենք հանդես եկանք առաջարկով, որ Արցախի անկախության իրավական հիմքերը հարկավոր է ՄԱԿ-ում ներկայացնել և ձեռք բերել ՄԱԿ-ի համաձայնություն, որ ստանանք միջազգային դատարանի իրավական վավերացումն այդ հանգամանքի, խորհրդատվական եզրակացությունը դատարանի մեծագույն նշանակություն կունենա` բեկում մտցնել այս հարցում և դուրս բերել Արցախի կարգավիճակի հարցը Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնության տիրույթից: Սա կոնկրետ ծրագիր է, որը չգիտենք, թե ում հետ քննարկենք, մեր օպոնենտներն ի վիճակի չեն նման հարցերն առհասարակ քննարկել»:

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվի. «Այսօր մեր քաղաքացիները մեզ հարցնում են, և երևում է, որ ահաբեկված է հասարակությունը, բոլորը վախենում են, որ քվեարկությունը կարող է վերածվել քաղաքացիական բախումների: Մենք արել ենք հարցումներ Երևանում, և Երևանում միանշանակ բոլոր տվյալները վկայում են, որ չեն կարող առաջին փուլով ավարտվել այս ընտրությունները»:

Նախընտրական քարոզչությամբ «Ազատ հայրենիք» դաշինքի ներկայացուցիչներն այսօր Շիրակի մարզի տարբեր համայնքներում շրջեցին, վերջին կանգառը Գյումրին էր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG