Մատչելիության հղումներ

Մերժել ատելությունը, վրեժը և աջակցել համերաշխության օրակարգին. Էդմոն Մարուքյան


«Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը, արխիվ

«Ատելության, բռնության, սպառնալիքների մրցավազք», - այսպես է «Լուսավոր Հայաստան»-ը բնութագրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը, սակայն, ընդգծում է՝ փորձել են կոտրել «սև ու սպիտակի» մթնոլորտը, իսկ համերաշխություն բերող ուժը հենց իրենք կարող են լինել։

«Մերժել ատելությունը, իրար նկատմամբ վրեժի ծարավի էս տենչը և աջակցել համերաշխության, հաշտության օրակարգին: Ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրությունները և ինչպես ասում է «Լուսավոր Հայաստան»-ը, ինչպես ասում ենք մենք, պետք է հաղթի ժողովուրդը, դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալների կառավարությանն աջակցություն ցուցաբերել՝ յուրաքանչյուրն իր ներդրումն ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կկարողանա դուրս գալ այս վիճակից», - նշեց Մարուքյանը:

Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու օրակարգով ու «կա այլընտրանք» կարգախոսով հունիսի 20-ի արտահերթին մասնակցող «Լուսավորը» չի բացառում հետընտրական բախումների փորձեր։ Կուսակցության առաջնորդը, սակայն, ընդգծում է՝ ամեն ինչ ժողովրդի ձեռքերում է:

«Մեկն ասելու է՝ ես եմ հաղթել, էն մյուսը՝ ես եմ հաղթել, բայց մեր ստրատեգիան, մեր ռազմավարությունը աշխատելու պարագայում, դա էլ չի կարող տեղի ունենալ, ինչո՞ւ, որովհետև չեն ունենալու այնքան աջակցություն, որ ասեն՝ ես հաղթել եմ, հետևաբար համակերպվելու է յուրաքանչյուրն իր 20 տոկոսանոց ձայների հետ և գալու են, խելոք այդ կլոր սեղանի շուրջ նստեն և ձևավորենք ազգային միասնության կառավարություն: Փորձեր, բնականաբար, լինելու է, բայց ժողովրդի ձեռքում է՝ այդ ցնցումները կլինեն, թե չէ: Եթե ժողովուրդը չի աջակցում իրեն ցնցումների տանող ուժերին, ցնցումներ ո՞նց կարող է լինել: Պետք է ժողովուրդը չաջակցի այդ ցնցումներին», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Ինչպե՞ս վերազինել բանակը, ինչպե՞ս ամրապնդել առաջնագիծը, ինչպե՞ս զարգացնել գիտությունը, այս ամենը կյանքի կոչելու համար պետք է հանրային համերաշխություն և միասնականություն, ասում են «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուները։

«Ամսի 20-ին մերժեք այն ուժերին, ովքեր ձեզանից քվե են ուզում վրեժխնդրության համար, որովհետև վրեժխնդրության մեջ չկա մի բառ երկրի խնդիրներին վերաբերող, չկա մի բառ առաջընթացի մասին, չկա մի բառ որպես լուծում այսօրվա արդեն օրհասական դարձած խնդիրներին: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է խնդիրների լուծում՝ համախմբմամբ ու միասնականությամբ, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ձևավորել ազգային համաձայնության կառավարության բաղկացած միայն պրոֆեսիոնալներից, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից», - ասաց ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը:

«Պետական համակարգը չի աշխատում, տնտեսությունը կանգ է առել, բոլորը սպասում են, թե ինչ է լինելու հունիսի 20-ին: Հունիսի 20-ին բոլորս պետք է գնանք ընտրական տեղամասեր և որոշենք, թե ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 21-ին: Սիրելի հայրենակիցներ, «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է արթնանալ համախմբված Հայաստանում», - հայտարարեց ԼՀԿ պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը:

XS
SM
MD
LG