Մատչելիության հղումներ

Ջո Բայդենն ավարտել է եվրոպական ուղևորությունը և վերադարձել է Վաշինգտոն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ժնև, 16 հունիսի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպայում անցկացրած կարևոր մի շարք հանդիպումներից հետո երեկ վերադարձել է Վաշինգտոն:

Բայդենը շաբաթասկզբին Բրիտանիայում մասնակցել է «Մեծ յոթնյակի» հավաքին, որից հետո մեկնել է Բրյուսել, որտեղ գումարվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Երեկ էլ Բայդենը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու նախագահները հանդիպումը կառուցողական են անվանել, սակայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի խորը տարաձայնությունները չեն վերացել:

Պուտինը հերքել է Ռուսաստանի առնչությունը կիբերհարձակումներին, Բայդենը սպառնացել է կոշտ պատասխանով այն դեպքում, եթե նման գրոհները շարունակվեն:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռուսաստանի համար չափազանց ծանր հետևանքներ կլինեն, եթե ազատազրկված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին մահանա բանտում:

Բայդենն արծարծել է նաև ռուսական բանտերում պահվող ԱՄՆ քաղաքացիների խնդիրը, որի կապակցությամբ Պուտինն ասել է, թե «հնարավոր է գտնել փոխզիջումային լուծումներ»:

Բայդենը և Պուտինը պայմանավորվել են, որ երկու երկրների դեսպանները կվերսկսեն աշխատանքն իրենց հավատարմագրման մայրաքաղաքներում:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ նախագահները նոր բանակցություններ կանցկացնեն միջուկային սպառազենի վերահսկողության և կիբերանվտանգության հարցերի շուրջ:

XS
SM
MD
LG