Մատչելիության հղումներ

Պաշտպանն արձանագրել է քարոզարշավի ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ։

Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել երեխաների մասնակցությունն այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր՝ նշելով՝ առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:

«Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին», - իր ամփոփ վերլուծությունում նշել է Թաթոյանը՝ նշեկով՝ դրանով երեխաների համար ևս ստեղծվում է ատելության մթնոլորտ:

ՄԻՊ գրասենյակը նաև արձանագրել է երեխաների կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն այրելու, դա տեսանկարահանելու և համացանցում տարածելու դեպքը։ Թաթոյանը սա խիստ մտահոգիչ է համարում՝ նշելով, որ սա ավելի է խորացնում նախընտրական քարոզչության ընթացքում առանց այդ էլ տարածում գտած ատելության մթնոլորտը, այդ թվում՝ երեխաների շրջանում, որը չի բխում երեխաների լավագույն շահերից:

Պաշտպանն արձանագրել է՝ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի, սակայն կարևոր նշանակություն ունի խաղաղ հավաքներին կամ այլ զանգվածային միջոցառումներին երեխայի մասնակցության, երեխայի կարծիքի ազատ արտահայտման իրավունքների պատշաճ ապահովումը։

«Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակնե

րը: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի լավագույն շահերը՝ որպես բացարձակ արժեք և այն, որ դրանցով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է», - հայտարարել է Արման Թաթոյանը:

XS
SM
MD
LG