Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ի ընտրություններին կհետևեն 420-ից ավելի օտարերկրյա դիտորդներ


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը (աջից) Հայաստանում հետևում է ընտրությունների ընթացքին, արխիվ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) այս շաբաթ մոտ 80 դիտորդ կուղարկի Հայաստան` հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին հետևելու համար: Ընդ որում, առաքելությունը կգլխավորի Վեհաժողովի փոխնախագահներից մեկը` Կարի Հենրիկսենը:

Նորվեգացի պատգամավորը դիտորդական առաքելությունների հարուստ փորձառություն ունի, անցած տարի հենց նա էր գլխավորում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում, մինչ այդ էլ դիտարկել է ընտրությունները նախկին Խորհրդային Միության անդամ մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, Վրաստանում և Ուզբեկստանում:

Հենրիկսենը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է արդեն 20 տարուց ավելի, այս տարվա հունվարից նշանակվել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հումանիտար հարցերով հանձնաժողովի հիմնական զեկուցող և, ըստ հաղորդումների, կարող է դառնալ ԵԱՀԿ ԽՎ հաջորդ նախագահը` հուլիսին կայանալիք նստաշրջանից հետո:

«Շատ հպարտ եմ, որ հայաստանյան ընտրություններին մենք կարող ենք գործուղել աննախադեպ մեծ թվով դիտորդների` կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, չնայած դրա հետ կապված մարտահրավերներին», - հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավարը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն գործընկերներին, որոնք համաձայնել են դիտարկել «Հայաստանի այս կարևոր ընտրությունները»:

Վեհաժողովի մյուս փոխնախագահը` Մարգարետա Սեդերֆելտն էլ նշանակվել է կարճաժամկետ առաքելության ղեկավար և համակարգող: Վերջինս ևս քաղաքական գործունեության հարուստ փորձ ունի, ղեկավարում է Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, գլխավորել է Վեհաժողովի դիտորդական առաքելությունները Թուրքիայում և Տաջիկստանում կայացած ընտրություններում: 2019 թվականին հենց նա էր Վեհաժողովի անունից հատուկ զեկույց հրապարակել ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության և Ռուսաստանում օրենքի գերիշխանության հետ կապված հարցերի վերաբերյալ` հայտնվելով Կրեմլի քննադատության թիրախում:

Երևան ժամանելուց առաջ Սեդերֆելտը հայտարարել է` «առաջիկա ընտրությունները կարևոր հնարավորություն են և՛ Հայաստանի ժողովրդի համար` իր ձայնը բարձրացնելու, և՛ երկրի համար`ցույց տալու իր հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանն ու բարեփոխումներին»: «Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերների հետ` աջակցելու Հայաստանին ժողովրդավարության ճանապարհին», - ասել է նա:

ԵԱՀԿ ԽՎ մոտ ութ տասնյակ դիտորդներից բացի առաջիկա ընտրություններին կհետևեն նաև մոտ 250 միջազգային դիտորդներ` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից (ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում կլինեն երկու տասնյակ պատգամավորներ, բացի այդ, Վենետիկի հանձնաժողովն էլ իր ներկայացուցիչներին կգործուղի, որոնք ևս կհետևեն ընտրությունների անցկացմանն ու ձայների հաշվարկին:

Արևմտյան դիտորդներից բացի առաջիկա քվեարկությանը կհետևեն նաև 70 պատվիրակներ ԱՊՀ անդամ երկրներից: Ակնկալվում է, որ նրանց առաջին` նախնական գնահատականները կհնչեն քվեարկության հաջորդ օրը` հունիսի 21-ին:

XS
SM
MD
LG