Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ընդգծում է նախաքարոզչական շրջանում սադրիչ կամ խտրական հռետորաբանության բարձր մակարդակի մասին


ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունն իր միջանկյալ զեկույցն է հրապարակել, որն ընդգրկում է մայիսի 18-31-ն ընկած հատվածը, երբ դեռ պաշտոնապես չէր մեկնարկել արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Հրապարակված զեկույցում ընդգծում են՝ նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին:

Միջազգային դիտորդական առաքելության աշխատանքը մեկնարկել է մայիսի 18-ին։ Հայաստան ժամանած երկարաժամկետ դիտորդները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների։ Իսկ նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում, ըստ զեկույցի, գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը:

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնում է, որ դաշինքի ներկայացուցիչները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին հանդիպել են դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Դաշինքի գնահատմամբ՝ առաքելության միջանկյալ հաշվետվությունը կրում է խիստ ընդհանրական բնույթ, քանի որ դրանում Հայաստանում տիրող իրական իրավիճակը որևէ արտացոլում չի գտել: Դաշինքը կասկածի տակ է դնում դիտորդական առաքելության անկողմնակալությունը. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գործողություններն առնվազն էական ռիսկեր են պարունակում` կանխակալ վերաբերմունքի, և խիստ մտահոգիչ են իրենց գործողություններն այս փուլում, այսինքն` պատշաճ դիտորդական առաքելություն իրականացնելու տեսանկյունից այս ժամանակահատվածում առկա տեղեկատվությունը, որ ունենք, ծայրահեղ մտահոգիչ է, որովհետև բոլոր այն խախտումները, համակարգային խախտումները` սկսած վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ատելության խոսք, բոլորը, ոչ միայն հրապարակային են, բոլորն են դա տեսնում, այլ նաև մենք ևս մշտապես այդ տեղեկատվությունը փոխանցում ենք իրենց և փաստորեն տեսնում ենք, որ տպավորությունը կարծես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լրիվ այլ Հայաստան է տեսնում, քան ամբողջ հանրությունը Հայաստանի Հանրապետության»:

Այս հայտարարության վերաբերյալ «Ազատությանը» ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից արձագանքեցին, որ միջազգային դիտորդները շատ լուրջ են վերաբերվում իրենց զրուցակիցների տեսակետներին և փորձին, և ընտրությունների հաջորդ օրը կհրապարակեն ավելի ծավալուն հայտարարություն իրենց նախնական բացահայտումների մասին։

Այսօր նախընտրական քարոզչությանն է անդրադարձել նաև հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ կիսելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այն մտահոգությունները, որ հայաստանյան քաղաքական գործիչներն օգտագործում են բռնություն ու ատելություն պարունակող խոսք։

Օմբուդսմեն Արման Թաթոյանն ընդգծել էր` նախընտրական քարոզչության մտահոգիչ մթնոլորտը խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

Freedom House-ն ընդգծում է՝ այս ամենը նպաստում է կործանարար բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին: Իրավապաշտպան կազմակերպությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը կոչ են անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։

«Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են և պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը»,- այսօր ևս մեկ անգամ նշել է օմբուդսմենը։

XS
SM
MD
LG