Մատչելիության հղումներ

Էջմիածնի քաղաքապետն ասում է` իր ու Պապիկյանի խոսակցությունը տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերի 16-ին


Հատվածներով կտրտած և մոնտաժված խոսակցությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ վարչապետը դիրքերում գտնվող տղաներին կոչ արեց հավաքվել Երևանում, ֆեյսբուքյան իր էջում գրում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Այդ կոչը միանշանակ չընդունվեց շատերիս կողմից, և դա էր պատճառը, որ նախարար Պապիկյանը հորդորում էր սպասել, ոչինչ չանել, մինչև կպարզվի, թե հայտարարությունն իրականում ինչ էր նշանակում: Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը կամ բռնության (առավել ևս՝ զինված) հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում: Թիմում ծավալված առողջ քննարկման արդյունքում բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները», - գրել է նա:

Համացանցում նախօրեին տարածված ձայնագրության մեջ Էջմիածնի քաղաքապետը տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ հեռախոսազրույցում դժգոհում է Փաշինյանից, ասում, որ հանուն պետության նա պետք է հեռանա, առաջարկում է թիմի ներսում Փաշինյանին փոխարինող գտնել։

«Իրականում անգամ մոնտաժված լինելու պարագայում ձայնագրությունից պարզ երևում է, որ այն կապված է կոնկրետ իրադարձության հետ, որն իր պարզաբանումն է ստանալու առավոտյան: Բացի այդ, ակնհայտ է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, երբ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել որևէ այլ քաղաքական գործչով», - հավելել է քաղաքապետը:

Նա պատահական չի համարում, որ ձայնագրությունը հրապարակվել է հենց քարոզարշավի ընթացքում: Ըստ Գասպարյանի` ակնհայտ է, որ դա հետապնդում է հանրությանը մոլորության մեջ գցելու, թիմի ներսում պառակտվածության տպավորություն ստեղծելու, «կուսակցության վարկանիշի վերելքի պայմաններում» հանրության ուշադրությունը բուն անելիքներից շեղելու նպատակ:

Դիանա Գասպարյանը նաև գրում է, որ հպարտ է, որ մի թիմի անդամ է, «որտեղ կա խոսքի ազատություն, որտեղ կարող է ծավալվել առողջ քննարկում ցանկացած հարցի շուրջ, և որտեղ դրա համար ոչ թե պատժում ու հալածում են, այլ ըմբռնումով և գրկախառնությամբ ընդունում»:

Նա նաև տեղադրել է լուսանկարներ` արված երեկվա երթի տեսաձայնագրությունից, որտեղ, ինչպես ինքն է նշել, թիմի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողքին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG