Մատչելիության հղումներ

Ծառուկյանը հայտարարում է` հեղափոխությունից հետո 20 միլիարդ դոլար գումար՝ վարկ է բերել


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի 8-րդ օրն Աշտարակ քաղաքում էր: Այստեղ ԲՀԿ առաջնորդ ու վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանին ծափողջյուններով ու աղուհացով ընդունեցին:

Ծառուկյանն իր ելույթի մեծամասնությունը նվիրեց տնտեսական հարցերին ու խնդիրներին: Անդրադարձավ իրենց առաջարկած ծրագրին` վարկերի ներմանը: Նա քարոզարշավի ընթացքում պարբերաբար հայտարարում է, որ իշխանության գալուց հետո մինչև 3 միլիոն դրամ վարկերը ներելու են:

Այսօր նշեց, որ վարկերը ներելու այդ բեռը բանկերի վրա չպետք է մնա. «Եթե դա թողնենք բանկերի վրա, բանկերը կտրաքեն, և տնտեսությունը կկանգնի, բայց ես այդպիսի բան չեմ ասել, որ այդ հիմնական 3 միլիոն դրամները պետք է մնա բանկերի վրա: Եթե մենք տնտեսության զարգացման համար, ոլորտի զարգացման համար պետք է գումարներ բերենք, որ բոլոր ոլորտում գումար պետք է ներդրվի, աշխատատեղ բացվի, գործարաններ բացվեն, մարդիկ աշխատանք ունենան, որ դրա հիման վրա բյուջեի գումարը պետք է ավելանա»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով` 2018-ի հեղափոխությունից հետո ինքը Հայաստան 20 միլիարդ դոլարի ներդրում է բերել. «Հեղափոխությունից հետո, ես կարող եմ ասել, որ ես բերել եմ 20 միլիարդ դոլար գումար, վարկ 1 տոկոսով, կարող եք Ջավադյանին (ԿԲ նախկին նախագահ-խմբ.) հարցնել, որը չեն ընդունել...այն էլ 10 տարով, առաջին 2 տարին որ մայր գումար չպետք է վճարվեր, այլ միայն տոկոսը պետք է տային: Անպայման առանց գումար բերելու տնտեսություն չի զարգանա, տնտեսություն չի հզորանա, և չենք կարող ապահովել ոչ հայրենիքի անվտանգություն, ոչ էլ տնտեսության զարգացումը»:

ԲՀԿ առաջնորդը վստահեցնում է, որ իշխանության գալուց հետո իրենք իրենց խոստումները կանեն` մեկը երկուսի հարաբերակցությամբ:

Նա խոսեց նաև անվտանգության խնդիրների մասին. «Այո, պետք է բանակն էլ հզորացնենք, պետք է լիարժեք պայմանագրային ծառայողներով հիմնական կազմակերպենք, ոչ թե 18 տարեկան մեր անփորձ երիտասարդները, որ նվիրյալ են, հերոսներ են, դուխով են, իրենց ցավը տանեմ, իրենց կյանքը չեն խնայի:

Հարգելի՛, սիրելի՛ ժողովուրդ, ես ասում եմ` ցանկացած հարց, ցանկացած, ով կցանկանա հակադարձել Ծառուկյանի ասածին, տեղը տեղին փաստացի ասեմ, բացատրեմ, ներկայացնեմ, որ սա է սկզբունքը»:

XS
SM
MD
LG