Հունիսի 12-ից 13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով:
Նույն ժամանակահատվածում Մարտունի ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ, բուժանձնակազմի 9 հոգուց՝ ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված երկու պացիենտների մոտ հայտնաբերվել է ներհիվադանոցային վարակի հարուցիչ` Կլոստրիդիում դիֆիցիլ է, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը:
Աշխատանքներ են տարվում` բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ: