Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, արխիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ::

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը»։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման:

Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին, որում մասնավորապես նշված է. «Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում»:

Նախագահի աշխատակազմն էլ հաղորդում է, որ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ուղված ուղերձում գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բարեկամական բնույթը մշտապես արտացոլվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում: Համոզված եմ, որ ապագային միտված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կշարունակեն կանխորոշել Երևանի և Մոսկվայի համատեղ քայլերը՝ ի նպաստ մեր պետությունների զարգացման և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդման», - նշել է նախագահը։

Սարգսյանը Միշուստինին ուղղված ուղերձում էլ ընդգծել է. «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում կդառնա տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման երաշխիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG