Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանների գնահատմամբ` քարոզարշավն ընթանում է լարված, ատելության մթնոլորտում


Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես երեկ մեկնարկեց, սակայն քաղաքական ուժերից որոշները արդեն երկու ամիս է՝ քարոզարշավ են իրականացնում։ Մթնոլորտը լարված է ու թշնամական, արձանագրում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Քարոզարշավն ուղեկցվում է թշնամության մթնոլորտում և լավ բան չի խոստանում», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Երբ որ ընտրարշավի մեջ մտնում է ատելության խոսքն, ինչն այսօր կա ավելի քան երբևէ, մեզ մոտ միշտ է եղել այդպես և բոլոր ընտրություններն են ուղեկցվել և՛ ատելության քարոզով, և՛ ատելության խոսքով, և՛ թշնամանքով, և՛ ավելի քան թշնամանքով անգամ, բայց այսօր հաշվի առնելով մեր երկրի այս վիճակը՝ պատերազմը, պարտությունը և նաև պարտության բերած հուզական վիճակը, էս ատելության խոսքն էլ ավելի մեծ հուզմունք է մտցնում դաշտում և ընտրողը վաղն իր ընտրությունը կատարելիս կաշկանդված է լինելու հենց էդ հույզերով, հենց էդ ատելության քարոզով, ատելության խոսքով, և վերջին հաշվով սխալ ընտրություն է կատարելու։ Այսինքն՝ ատելության խոսքը ոչ միայն ինքնին վատ է, այլ վատ է նաև այն առումով, որ այն ազդում է ընտրողի ներաշխարհի վրա, ուղղորդում է ընտրողին, կամ հնարավորություն չի տալիս ընտրողին սառը դատողության վրա հիմնված ընտրություն կատարել»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝ և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից հնչող փոխադարձ վիրավորանքներն, ատելության մթնոլորտն այնքան է թեժացել, որ բովանդակային քարոզարշավ անցկացնելու հնարավորությունները հասցված են զրոյի։

«Մենք ոչ միայն ատելության խոսքի, այլևս սպառնալիքների ենք ականատես և ականջալուր լինում, ինչն ուղղակի ընտրության համար անհնարին մթնոլորտ է։ Այսինքն՝ մարդիկ ինչպե՞ս պիտի առաջնորդվեին ընտրություն կատարելիս, պիտի լսեին ծրագրերը, պիտի ընթերցեին այն բոլոր քարոզչական նյութերը, որոնք տրամադրվելու էին, պիտի ընտրեին այն թեկնածուներին, որոնք պատասխանում են երկրում առկա և ցավոտ բոլոր հարցերին, իսկ մենք այդ ցավոտ հարցերին պատասխանում ենք էլ ավելի ցավոտ խոսքով՝ ատելության խոսով և սպառնալիքներով, ինչը խորացնում է ցավը և ոչ թե՝ ամոքում վերքերը», - ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը, որպեսզի նախընտրական քարոզարշավը առողջ մթնոլորտում անցնի, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց․ - «Պետք է պատասխանատվություն ունենան երկրի ապագայի նկատմամբ, հասկանան, որ իրենց սեփական մղումները, իրենց սեփական ձգտումները… ոմանք տարված են վրեժով, ոմանք տարված են կրկին իշխանության վերադառնալու մոլուցքով, ոմանք՝ կրկին իշխանությունը պահպանելու մոլուցքով, նրանք պետք է հասկանան, որ այդ մոլուցքները և՛ երկրին հեռու չեն տանի, և՛ իրենց հեռու չեն տանի»։

XS
SM
MD
LG