Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականության որոշման գործում. Արմեն Ղևոնդյան


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

Արտաքին գործերի նախարարությունը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականության որոշման գործում, հրաժարականի պատճառի վերաբերյալ հարցին փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանի պատասխանն է։ Պաշտոնյան ասում է, թե նույն պատճառով են հրաժարական տվել նաև իր գործընկերները։

Ղևոնդյանն այսօր մասնակցում էր գործադիրի նիստին։ Ինչո՞ւ կառավարությունում չեն ստորագրել իրեն պաշտոնից ազատելու որոշումը, հորդորեց հենց գործադիրից ճշտել։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ չէին կարող ընդունել բոլորի հրաժարականը։

«Ինչո՞ւ չի ստորագրվել մեկ փոխնախարարի դիմումը, որովհետև չէր կարող Արտաքին գործերի նախարարությունում առհասարակ պարտականությունները կատարող չլիներ նախարարի, դա է հիմնական պատճառը», - նշեց Ավինյանը:

Արտաքին գործերի նախարարի 4 տեղակալներից պաշտոնից ազատվել են Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը։ Ավելի վաղ էլ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն էր հեռացել։ Արդյոք հրաժարականների շքերթը կապ ունե՞ր սահմանային հատվածներից զինված ուժերի ստորաբաժանումների հետքաշման, փոխարենը Սոտք-Խոզնավար սահմանագծի երկայնքով ԵԱՀԿ համանախագահության դիտորդներ տեղակայելու վարչապետի պաշտոնակատարի առաջարկի հետ։ Փոխվարչապետի պաշտոնակատարը հրաժարվեց մեկնաբանել։

«Ես դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել, անհամաձայնություն ունեցել է, թե չի ունեցել, թող արդեն պարոն Այվազյանը հայտնի, բայց ես ուզում եմ շեշտել, որ բոլոր որոշումները, որոնք որ կայացվել են, եթե եղել է համաձայնություն, անհամաձայնություն, քննարկում եղել է նվազագույնը», - ընդգծեց Ավինյանը:

Կես տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած Արա Այվազյանը հրաժարական էր տվել հենց Անվտանգության խորհրդի նիստին վարչապետի ներկայացած առաջարկից հետո։ Պաշտոնաթող արտգործնախարարը հրաժարականի պատճառին անդրադարձավ նախարարությունում կազմակերպված հրաժեշտի հանդիպմանը, սակայն չբացեց փակագծերը, թե կոնկերտ ինչն է հրաժարականի պատճառը։

«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականությանը, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել», - ասել է Այվազյանը:

Թե մասնավորապես ինչի մասին էր ակնարկում Այվազյանը, վերջինս հետագայում ևս հրաժարվեց մեկնաբանել։ Նախարարությունում արած նրա աղմկահարույց հայտարարության տեսագրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։

Երկրի արտաքին գերատեսչությունում ստեղծված իրավիճակին այսօր նաև առաջին նախագահն է անդրադարձել. Արտաքին գործերի նախարարությունը երկրի ղեկավարի հանձնարարությունները կատարող մարմին է, այն չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն։

«Ինչպիսի բան է թելադրում Նիկոլ Փաշինյանը, դա են անում, արեցին-արեցին, արդեն զզվեցին, տեսան, որ ընկնում են շատ անհարմար իրավիճակի մեջ, դրա համար հրաժարականների շարան սկսվեց: Երբեք որևէ Արտաքին գործերի նախարարության չի կարելի մեղադրել, կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե պետության նախագահի հրահանգները սխալ է կատարում կամ չի կատարում, այդ դեպքում ուղղակի շպրտում են այդ նախարարներին դուրս», - նշեց Տեր-Պետրոսյանը:

XS
SM
MD
LG