Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ռիքերի հետ հանդիպմանը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության համար


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում: Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները:

Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և օրինակելի համարել 2018 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Փաշինյանն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր։

Հիշեցնենք՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը տարածաշրջանային այցով է Հարավային Կովկասում, նա արդեն հանդիպումներ է ունեցել Թբիլիսում և Բաքվում։

Ֆիլիպ Ռիքերը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զորքերը հետ քաշել սահմանագծից և սահմանազատման հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Նա նշել է, որ հակամարտությունը շատ կյանքեր է խլել, ու Միացյալ Նահանգներին շատ է մտահոգում նոր սրացման հնարավորությունը։

Երկու կողմերին Ռիքերը կոչ է արել հակամարտության երկարատև կարգավորման համար որքան հնարավոր է արագ սկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

XS
SM
MD
LG