Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը ժամանել է Երևան


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքեր, արխիվ

Երեկ երեկոյան Երևան է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։ Այս մասին հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը տարածաշրջանային այցով է Հարավային Կովկասում, նա արդեն հանդիպումներ է ունեցել Թբիլիսում և Բաքվում։

Ֆիլիպ Ռիքերը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զորքերը հետ քաշել սահմանագծից և սահմանազատման հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Նա նշել է, որ հակամարտությունը շատ կյանքեր է խլել, ու Միացյալ Նահանգներին շատ է մտահոգում նոր սրացման հնարավորությունը։

Երկու կողմերին Ռիքերը կոչ է արել հակամարտության երկարատև կարգավորման համար որքան հնարավոր է արագ սկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

XS
SM
MD
LG