Մատչելիության հղումներ

Ավելի քան տասը ժամ գերությունից հետո հայ զինծառայողն արդեն հայրենի գյուղում է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Գորիսի Սև լճի տարածքից գերեվարված պայմանագրային զինծառայող Արթուր Քաթանյանն այսօր ժամեր առաջ հասել է հայրենի Ակներ գյուղ:

«Հասավ, 5 րոպե առաջ տեսանք, լրիվ նորմալ, լրիվ տեղը տեղին», - ասում է Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը:

Արթուրն արդեն տանն էր՝ հարազատների հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ադրբեջանական կողմում ավելի քան տասը ժամ է անցկացրել, իր նկատմամբ որևէ բռնություն չի եղել. «Նորմալ ա եղել, ոչ մի բան չի եղել»:

25-ամյա պայմանագրային զինծառայողը երեկ մոլորվել էր մառախուղի պատճառով ու հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում։ Բաքվից սկզբում այս միջադեպը ներկայացրին որպես դիվերսիոն ականապատող խմբի ներթափանցման փորձ, Արթուրին ՝ դիվերսանտ։ Ժամեր անց հայտնեցին, թե հավելյալ քննություն են արել ու պարզել, որ զինծառայողն իսկապես մոլորվել է՝ կվերադարձվի հայկական կողմին


Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի հանգուցալուծվում՝ Սյունիքի Սև լճի տարածքում, Վերիշենում, Խոզնավարում, Արավուսում՝ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում ծանր սպասողական վիճակ է՝ երբ ադրբեջանական զորքը կհեռանա Հայաստանի տարածքից: Ադրբեջանցիներն այնքան մոտ են դիրքավորվել, որ միջադեպերն անպակաս են՝ ծեծկռտուքներից մինչև անասնագողության դեպքեր: «Դե ասել են` հլը բանակցություններն ընթանում են, կարող ա վերադարձնեն, եթե հանկարծ չվերադարձնեն, արդեն պետությունը գնահատում ա, վճարում էլի», - ասում է Կութ համայնքի բնակիչ Գայանե Վերդյանը:

Գեղարքունիքի Կութում արդեն 5 օր է` սպասում են, որ ադրբեջանական կողմը վերադարձնի 5 ընտանիքների անասնագլխաքանակը: Շաբաթ օրը հոտը Կութի արոտավայր տարած հովվի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել էին, հետո տարել 81 կովերին: Կութեցի Գայանե Վերդյանը գոնե փոխհատուցում է ակնկալում կորցրած անասունների դիմաց։ Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանն ասաց՝ Գեղարքունիքի մարզպետն է այցելել ու հուսադրել, որ սպասեն մինչև հունիսի 20-ը, լավ կլինի:

Լավ բան առայժմ չկա, ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռանում Հայաստանի գյուղերի վարչական տարածքներից, այլև ամրանում են։ Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ասում է՝ գյուղի տարածքում դիրքավորված ադրբեջանցիներն այժմ խրամատ ու ճանապարհ չեն կառուցում, որովհետև արդեն ավարտել են այդ աշխատանքը: Ենթադրում է, որ ադրբեջանցիները չեն ասֆալտապատի դիքրերն իրար կապող ճանապարհը. «Մեքենաներեվ երևում է էլի, որ մեքենան շարժվում է էս դիրքից էն, իրենց մեջ, իրենց դիրքերից իրենց դիրքերը հայկական տարածքում: Մեր աչքը ադրբեջանական տարածք չի էլ կարա տեսնի, ինչը երևում է, դրանք լրիվ մեր հայկական տարածքներն են»:

Սահմանային գյուղերի համայնքապետերի տեղեկացմամբ՝ այսօր նոր միջադեպեր չեն գրանցվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG