Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոսել է նախօրեին իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին, ասելով, որ բռնությունը և դեմոկրատիան անհամատեղելի են:
Երեկ հանրային միջոցառման ընթացքում մի տղամարդ բացականչել է «կորչի՛ Մակրոնը» և ապտակել է նրան: Թիկնապահերն անմիջապես ձերբակալել են այդ մարդուն, ինչպես նաև նրա հետ դեպքի վայր ժամանած մեկ ուրիշին:
«Կա հիմարություն, և երբ այն ուղեկցվում է բռնությամբ, դա արդեն անընդունելի է, այդպիսի բան չի կարելի հանդուրժել: Ես լսում եմ զայրույթը, դեմոկրատական երկրում զայրույթը պետք է արտահայտվի, գիտեք, ես միշտ շփվում եմ մարդկանց հետ, դա ինձ համար կարևոր է, երբեմն ունեմ պատասխաններ, երբեմն` ոչ, երբեմն անում եմ սխալ, երբեմն էլ՝ ճիշտ քայլեր, զայրույթն օրինական բան է և պետք է հնչեցվի, ու դրան պետք է տալ պատասխաններ, բայց հիմարություն գումարած բռնություն՝ դա այլևս անընդունելի է դեմոկրատիայում»,- ասել է Մակրոնը:
Իրավապահները չեն հայտնում ձերբակալվածների անունները: Հարձակման դրդապատճառներն էլ այս պահին դեռ հայտնի չեն: