Մատչելիության հղումներ

Բաբաջանյանի համոզմամբ` ՀՀ-ն պիտի մի կողմ դնի վախը ռուսներից, այլ ուղղություններով էլ նայի


Ընտրություններին 18 համարով մասնակցող «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» քարոզարշավի առաջին օրն անցկացնում է Արմավիրի մարզում: Նախ նրանք հավաք ունեցան Էջմիածնում, ապա Արմավիր քաղաքում, հետո հերթն արդեն գյուղական համայնքներում հանդիպումներինն էր:

Խանջյան գյուղում ելույթներ ունեցան դաշինքը գլխավորող Արման Բաբաջանյանը, ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանը, Սեդա Սաֆարյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Արման Բաբաջանյանն ասաց` քանի դեռ Հայաստանում ներքաղաքական դաշտը չի կարգավորվել, քաղաքական միջավայրը չի մաքրվել, արտաքին մարտրահրավերների, նոր հնարավորությունների մասին պետք չէ խոսել:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ընդգծեց. «Մենք մեր արտաքին քաղաքականությունը վերատեսության ենթարկելու ուղղակի անհրաժեշտության առաջ ենք կանգնած, և մենք դա անելու ենք, մենք դա անելու ենք նոր գործընկերների հետ, մենք դա անելու ենք Ռուսաստանի հետ, մենք վերագործարկելու ենք հայ-ռուսական հարաբերությունները: Արժանապատվության հիմքի վրա ենք դնելու այդ հարաբերությունները, որովհետև մինչև հիմա վասալային հարաբերություններ են հայ-ռուսական հարաբերությունները, դրանք հավասար հարաբերություններ չեն, և եթե մենք այս ընտրություններում կարողանանք իսկապես ներքնապես ուժեղանալ, հզորանալ և վերագտնել մեր սուբյեկտայնությունը, մեր անկախությունը, ռուսներն ուրիշ բան չեն ունենալու, քան համակերպվել վերջապես հայ ժողովրդի ընտրության հետ և աշխատել: Միաժամանակ մենք պիտի այլ ուղղություններով նայելու խիզախություն ունենանք: Այս վախը ռուսներից պիտի մի կողմ թողնենք, որովհետև այդ վախերը նորանոր սերունդներ մատաղ անելու ճանապարհ է բացում ռուս-թուրքական աշխարհակարգին ու բարեկամությանը»:

Բաբաջանյանը խոսեց նաև գյուղատնտեսական խնդիրների մասին, ասաց, որ իշխանության գալով` իրենք պետք է վերականգնեն Գյուղատնտեսության նախարարությունը. «Ուժը գյուղում է, գյուղացունն է, և մենք պիտի գանք, այստեղից այդ ուժն ստանանք և մեր երկիրը պետք է շենացնենք միասնաբար: Եվ այստեղ չափազանց կարևոր է, որ հասկանանք, թե ինչպես ենք պատկերացնում այդ վերադարձը: Նախ` կարծում եմ` մեր առաջնային խնդիրներից մեկը պիտի լինի Գյուղատնտեսության նախարարության վերականգնումը, չի կարող երկիրն այսպիսի առաջնային նշանակություն տալ գյուղատնտեսության զարգացմանը և չունենա Գյուղատնտեսության նախարարություն, հետևաբար մեր առաջին գործը լինելու է նոր կառավարության կազմում ունենալ Գյուղատնտեսության նախարարություն»:

XS
SM
MD
LG