Մատչելիության հղումներ

Հայկական մամուլին տված հարցազրույցից հետո ադրբեջանցի բլոգեր Միրզալին հայտնվել է հարձակումների թիրախում


Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մահամադ Միրզալին, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մահամադ Միրզալին, արխիվ

«Դուք հայ եք, ես` ադրբեջանցի, միգուցե ոմանք մեր երկրներում մեզ դավաճան կոչեն, բայց դա չէ կարևորը, այլ այն, որ մեր այս զրույցը արմատներ է գցում խաղաղության համար...ի վերջո, դեռ որքան ենք շարունակելու իրար սպանել, այս ամենին պետք է վերջ տրվի», - շաբաթներ առաջ հայկական մամուլին տված այս հարցազրույցից հետո Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Մահամադ Միրզալին հայտնվել է հարձակումների թիրախում:

Անհայտ անձինք կոտրել են մեքենայի ապակիները ու ներսում թուրքերենով գրություն թողել` «սա զգուշացում է քեզ համար»: Մի քանի օր անց էլ անկոչ հյուրերը Միրզալիի դուռն են թակել:

«Նրանք փորձում էին իմ տուն ներխուժել այս առավոտ և սպանել ինձ, որովհետև ես բարձրաձայնում եմ ճշմարտությունը», - գրել էր Միրզալին Թվիթերի իր էջում` հրապարակելով պատուհանից արված լուսանկարը, - «զգում եմ` շուտով Ալիևի ռեժիմը իմ վերջը կտա, փակվել եմ տանը, ժամերն եմ հաշվում»:

27-ամյա ակտիվիստի այս հուսահատ գրառումները անհիմն չեն. նրա մարմնի վրա դեռ չեն սպիացել նախորդ հարձակումից մնացած հետքերը: Միրզալին, որ մի քանի տարի է` սոցիալական ցանցերում ու Youtube-ի իր էջում քննադատում է Ադրբեջանի իշխանություններին, անցած մարտին դանակի առնվազն տասնվեց հարված էր ստացել` օրը ցերեկով: Հանցագործները նրան արնաշաղախ թողել էին փողոցում ու փախուստի դիմել: «Սա է Ալիևին ու նրա կնոջը քննադատելու գինը», - ապաքինվելուց հետո գրել էր ակտիվիստը` հրապարակելով ծոծրակին ստացած դաժան հարվածներից մեկի լուսանկարը:

«Դանակահարեցին մարմինս, փոձում էին բերանս բացել, որ լեզուս կտրեին, ականջներս էին փորձում կտրել, արմունկներով պահեցի, որ պաշտպանվեմ, դրանից հետո տնից դուրս չեմ եկել, ասես` բանտում լինեմ», - պատմել էր նա Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությանը:

Ընդդիմադիր ակտիվիստը տարիներ առաջ ստիպված է եղել թողնել հայրենիքը, և մի քանի տարի է` փախստականի կարգավիճակով ապրում է ֆրանսիական Նանտ քաղաքում: Սպառնալիքների ու հարձակումների ալիքը, սակայն, նաև այստեղ է հասել ու սաստկացել հայերի հետ հաշտության ու խաղաղության կոչերից հետո: Միրզալին «Ազատությանը» պատմել է, որ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցի հաջորդ օրն իսկ տան տարածքում սկսել են անծանոթ տղամարդիկ երևալ, մեկը փորձել է շենք մտնել և հեռացել է միայն Միրզալիի` օգնության ու ոստիկանության կանչերից հետո: Ավելի ուշ ակտիվիստը անծանոթ հեռախոսահամարից ադրբեջաներենով հաղորդագրություն է ստացել՝ «քեզ կարգին պահիր, երբ ես տարածքում եմ», - զգուշացրել են:

Չնայած արյունալի հարձակումներին ու շարունակական սպառնալիքներին`Միրզալին չի լռում. Յութուբյան նրա ալիքը, որն ավելի քան 250 հազար հետևորդ ունի, գրեթե ամեն շաբաթ նոր տեսանյութեր է հրապարակում Ադրբեջանում տարածված կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարումների ու պաշտոնյաների ամենաթողության մասին: Նրա տեսնայութերից շատերը միլիոնավոր մարդիկ են դիտում:

«Մեր երկիրն ու իմ ընտանիքը հետապնդումների են ենթարկվում Ադրբեջանի կառավարության կողմից, ես ինչպե՞ս լռեմ: Մինչ օրս խոսել եմ, և կշարունակեմ, եթե նույնիսկ ստիպված լինեմ կյանքով վճարել դրա համար», - ասել է նա «Ազատությանը»:

«Եթե Միրզալիի հետ մի բան տեղի ունենա, դրա համար անձնապես Ադրբեջանի նախագահը պետք է պատասխան տա», - անցած շաբաթ հայտարարեց Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը` կոչ անելով Իլհամ Ալիևին անմիջապես դադարեցնել ճնշումներն ու բռնությունները նրա նկատմամբ:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հիշեցրել է Ալիևին, որ Միրզալին, որպես փախստական, գտնվում է Ֆրանսիայի պաշտպանության ներքո, զգուշացրել` ընդդիմախոսներին լռեցնելու` նրա բիրտ մեթոդների արտահանումը` սեփական երկրի սահմաններից դուրս, կարող է շատ վտանգավոր լինել:

Այս հաղորդումներից ընդամենը մեկ ամիս առաջ` անցած մայիսին Ստամբուլում հայտնաբերվել էր ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամադովի դին: Թե ինչ հանգամանքներում է 25-ամյա երիտասարդը մահացել` մինչ օրս հստակ չէ, թուրքական դատախազությունում հարուցված քննությունը չի ավարտվել: Հարազատները, սակայն, պնդում են` նա պատրաստվում էր հայրենիք վերադառնալ, բազմաթիվ ծրագրեր ուներ և հազիվ թե ինքնասպանության գնար:

XS
SM
MD
LG