Մատչելիության հղումներ

Նանտում 16 անգամ դանակահարվել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը


Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մահամադ Միրզալին, Նանտ, Ֆրանսիա, 14 մարտի, 2021թ.

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում մանրակրկիտ հետաքննությամբ պարզել ադրբեջանցի վտարանդի բլոգեր և Բաքվի ռեժիմի քննադատ Մահամադ Միրզալիի վրա կատարված բիրտ հարձակման հանգամանքները:

Բլոգերն, ով YouTube-ի իր էջում վարում է Made in Azerbaijan տեսաշարքը, բնակվում է Ֆրանսիայում՝ Նանտ քաղաքում: Մարտի 14-ին նա հարձակման է ենթարկվել վեց տղամարդկանց կողմից:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սաիդի փոխանցմամբ, հարձակվողները դանակներով առնվազն 16 հարված են հասցրել ադրբեջանցի բլոգերին, ով հիմա գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում:

Սաիդի խոսքով, «Ֆրանսիայի իրավապահներն ամեն ինչ պետք է անեն հարձակվողներին բացահայտելու, պատասխանատվության կանչելու և Ֆրանսիայում ապրող վտարանդի բոլոր լրագրողների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար»:

Բլոգեր Միրզալին YouTube-ում ունի մոտ 250 հազար բաժանորդ, իր թողարկումներում նա արծարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավոր շրջապատի կոռուպցիոն գործարքների թեման: 2016 թվականին Միրզալին լքել է Ադրբեջանը:

Նանտում տեղի ունեցած գրոհն առաջինը չէր, մինչ այդ էլ տարբեր տարիների ընթացքում բլոգերը և նրա ընտանիքի անդամները հարձակումների են ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG