Մատչելիության հղումներ

Նորույթ «Արմմոնո» փառատոնի շրջանակում՝ թատերականացված ընթերցումներ


Armenia-Armmono theater festival, logo,undated
Armenia-Armmono theater festival, logo,undated

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն այս տարի «Դրամատուրգիա» հանդեսի  հետ համատեղ ներկայացնում է ուշագրավ նորույթ՝ թատերականացված ընթերցումներ՝ «Պատմությունների պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին»։

««Արմմոնո» փառատոնին ի սկզբանե կարծես վերապահված էր նաև մեր ժամանակակից դրամատուրգիային օգնելու, խթան հանդիսանալու առաքելությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ծրագրի համահեղինակ, արձակագիր, դրամատուրգ, «Դրամտուրգիա» հանդեսի հիմնադիր Կարինե Խոդիկյանը։ - «Պարզապես ասեմ, որ այս 21 տարիներին հենց «Արմմոնո» փառատոնի համար բազմաթիվ մոնոպիեսներ են գրվել։ Մի բան, որ մենք նախկինում չէինք կարող պարծենալ, այսպիսի թվով գործեր են ստեղծվում մեկ դերասանի համար։ Սա մեկ կարևոր առանձնահատկություն։ Եվ երկրորդը․ այս տարի կարծես շարունակվեց այդ առաքելությունը, հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը, երբ դրամատուրգների գործերը ոչ միայն բեմադրվում են, այսինքն՝ դերասանն է ներկայացնում, այլ գործեր, որոնք դեռ բեմադրված չեն, դառնում են թատերականացված ընթերցում։ Սա նորություն է մեր փառատոնային կյանքում»։

Խոդիկյանի համոզմամբ, թատերականացված ընթերցումները ավանդական կդառնան փառատոնի շրջանակներում, քանի որ փառատոնային այս շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ընթերցումները՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին» խորագրերի ներքո մեծ ուշադրության են արժանացել և շատ լավ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Մոնոպիեսները գրվել են թե՛ արդեն հայտնի, թե՛ նոր-նոր իրենց ճանապարհը հարթող դրամատուրգների կողմից:

Պատերազմի մասին պիեսները, բնականաբար, նոր են, բոլորը ունեն իրական հիմքեր և իրական հերոսներ իսկ սիրո մասին ներկայացվել են վերջին տարիներին գրված մոնոպիեսներ:

««Պատմություններ պատերազմի մասին»-ը ստեղծված է թատրոնդոկի սկզբունքով, այսինքն՝ այն պատմությունները, որ ներկայացնում են մեր դրամատուրգները, իրական հերոսներ ունեն՝ զինվոր, բժիշկ, մարդիկ, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Անահիտ Արփենը, որը ներկայացրել է «Արեգ Կյուրեղյանի պատմությունը», Հրաչ Բեգլարյանը՝ «Սիրում եմ և ատում եմ հողը», Դավիթ Խաչիյանը՝ «Հայր և որդի», Կարինե Խոդիկյանը «Որտե՞ղ էիր մինչև հիմա», Արմենուհի Սիսյանը՝ «Ո՞նց ես, բժիշկ ջան», Սամվել Կոսյանը՝ «Վերադառնալու ենք»։ Մենք մտածեցինք, որ պատերազմին կարող է դիմակայել միայն սերը։ Եվ ահա այդ սկզբունքով արագ ներկայացնեմ, թե ծրագրով ովքեր են․ Անուշ Ասլիբեկյան «Թռիչք քաղաքի վրայով», Անահիտ Արփեն «Կացարան», Գուրգեն Խանջյան «Կամրջային բալլադ», Սամվել Խալաթյան «Սիրենք», Կարինե Խոդիկյան «Ամուսնալուծություն պատդեմիայի օրերին» և Արմեն Մովսիսյան «Ծովային քամի», - ներկայացրեց Խոդիկյանը։

Մոնոպիեսը, նրա խոսքով, հետաքրքիր ու դժվար ժանր է․ - «Նախ, դու պիտի գրես այնպես, որ դերասանը ինչքան էլ վարպետ դերասան լինի, քո պատմությունը այնպիսի պատմություն պիտի լինի, այնպիսի հնարքներով և հնարանքներով գրված, որ մի ժամ կարողանա դահլիճը պահել ոչ միայն դերասանի վարպետության շնորհիվ, այլև քո ներկայացրած պատմության շնորհիվ։ Շատ դժվար ժանր է, ունի շատ խութեր ստորջրյա։ Բայց, ինչպես ցանկացած դժվար գործը, որը իրականացվում է, վերջում եթե հաջողվում է, գոնե մի պահ բերկրանք է տալիս ստեղծողին, այ փոքր ժանրի, փոքր ձևաչափի մեջ այս մոնոպիեսները իսկապես շատ հետաքրքիր, շատ դժվար, բայց նաև շնորհակալ գործ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG