Մատչելիության հղումներ

Պատգամավորը հանցագործություն է որակում Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածը


Աբովյանի դիահերձարանի ղեկավարն ու երկու սանիտարներ աշխատանքից ազատվել են՝ երկու օր առաջ լուսանկարներ, երեկ էլ տեսանյութ էր տարածվել, թե այդտեղ ինչպես են պահվում զոհված զինծառայողների մարմիններն ու մասունքները՝ նկուղի հատակին անփութորեն դրված պարկեր են: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանն էլ է նկատողություն ստացել։ «Ազատության» հարցին՝ առողջապահության նախարարի այդ որոշմանը համաձա՞յն է, նա արձագանքեց․ - «Ես վերադասի ասածները չեմ քննարկում, կատարում եմ»։

Իսկ Աբովյանի դիահերձարանի աշխատակիցներին ինքն է հեռացրել․ - «Մենք ազատել ենք, որովհետև իրենք իրենց աշխատանքային պարտականությունները ճիշտ չեն կատարել»։

«Այն, ինչ տեսանք, նորմալ չէր», - ընդգծեց Բիշարյանը։ Նա նշեց՝ սանիտարները կարող էին մարմինները պատգարակների վրա դնել և իրարից հեռավորության վրա։ Իսկ թե ինչու են մարմինները ոչ թե սառնարանում պահվել, այլ՝ նկուղում, ըստ Բիշարյանի՝ օբյեկտիվ ու ժամանակավոր պատճառով. 21 մարմին, Դատաբժշկական կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, Մեծամորից Աբովյան է տարվել մայիսի 28 ին։ Մեծամորում սառեցման համակարգերից մեկը խափանվել էր, իսկ Աբովյանի դիահերձարանում սառնարանային լրացուցիչ հատվածը դեռ կառուցման փուլում է։ Զինվորների հարազատների տարածած տեսանյութում դա էլ երևում։

Տեղ չի եղել, և զինվորների մարմինները հայտնվել են նկուղում՝ +12 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, այնինչ ըստ նորմայի դիերը պետք է պահել մինչև +4-ում։ Հարազատների բարձրացրած աղմուկից հետո բոլոր մարմինները տեղափոխվել են Մարտունու դիահերձարան։

Ինչո՞ւ աղմուկից հետո և ոչ թե ավելի վաղ։ Բիշարյանն ասում է՝ ԴՆԹ փորձաքննություն անցած, նույնականացված մարմիններ են, որ սպասում են իրենց ծնողներին, ցանկացել են շատ հեռու չտանել․ - «Աբովյանից Երևան 15 կիլոմետր է,Մեծամորից Երևան 40 կիլոմետր է, Մարտունուց Երևան՝ մոտավորապես մի 130-140 կիլոմետր։ Ծնողին Մարտունի ուղարկելը էս ծանր վշտի ընթացքում շատ բարդ է, շատ դժվար իրենց գնալու համար»։

Այս պատմությունը բացահայտվեց երկու օր առաջ, երբ անհայտ կորած զինծառայողների հարազատները, չվստահելով իշխանության թվերին, որոշեցին իրենք մտնել դիահերձարաններ ու հաշվել այնտեղ պահվող մարմիններն ու մասունքները։

Հարազատներից Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց՝ դեռ չեն ամբողջացրել թվերը, իսկ Մհեր Բիշարյանը վստահեցնում է՝ թվերի միջև տարբերություն չի կարող լինել, այս պահին երկրի տարբեր դիահերձարաններում զոհված զինծառայողի 200 մարմին ու 400 մասունք կա, 160-ից ավելի մարմիններ նույնականացվել, սակայն չեն հուղարկավորվում, քանի որ ծնողները հրաժարվում են հավատալ ԴՆԹ հետազոտությանը, զավակի կորստին։

«Բիշարյանը և երեք հոգին չպիտի նկատողություն ստանային, չպիտի ազատվեին, այլ առողջապահության նախարարը, առողջապահության նախկին նախարարը պետք է դատվեն այ էս հանցագործության համար, ուղղակիորեն», - «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորը կարծում է՝ զոհված զինծառայողների մարմինների հետ այս կերպ վարվելը ամենաթողության հետևանքն է, որի համար պետք է անպայման պատասխանատվություն կրողներ լինեն։ Ամիսներ շարունակ, ասում է, զբաղվում է այս հարցերով, սառնարան չունեցող Կապանի դիահերձարանից մարմինների տեղափոխություն է կազմակերպել՝ բազմաթիվ օղակներում տեսել անպատասխանատվություն։

«Ինչու եմ ես զբաղվել՝ էս հարցը շատ հետաքրքիր էր, որ տվեցիք, զբաղվել եմ ինչու՝ որովհետև որևէ մեկը չկար պատասխանատու կառույցներից», - ասաց Հովսեփյանը։

Ըստ պատգամավորի՝ ի սկզբանե պետք էր առանձին հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվեր զոհերի մարմինների պահման, տեղափոխման, ԴՆԹ հետազոտությունների հարցերով, իսկ այսպես ամեն ինչ բարդվել է Դատաբժշկական կենտրոնի մի քանի հոգու վրա։

«Բայց էս պատերազմական պայմաններում, երբ որ արդեն զինվորների, զոհվածների թվաքանակը շատ է, որևէ քայլեր չի ձեռնարկվում՝ սա արդեն նշանակում է ամենաթողություն, անտերություն և վերաբերմունք առհասարակ թե՛ կռվածի նկատմամբ, թե՛ ընտանիքի նկատմամբ, թե՛ ամեն ինչի նկատմամբ», - շեշտեց Սոֆյա Հովսեփյանը։

Աղմկոտ այս պատմությանն արտառոց է արձագանքում Առողջապահության նախարարությունը․ ի սկզբանե հայտարարեցին, որ Աբովյանի նկուղում մարմինների պահման այս պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, ապա նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց, այսօր էլ աշխատանքից ազատվեցին Աբովյանի բաժնի վարիչներն ու երկու սանիտարները։

Երեկոյան նախարարության առջև ՀՅ Դաշնակցության երիտասարդները բողոքի ակցիա սկսեցին ՝ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի պահանջով։

XS
SM
MD
LG