Մատչելիության հղումներ

«Oդ ցնդե՞ց էդ էրեխեն». պատերազմից 8 ամիս անց հարյուրավոր ծնողներ փնտրում են իրենց որդիների մարմինները


Պատերազմից 8 ամիս անց հարյուրավոր ծնողներ փնտրում են իրենց որդիների մարմինները, հանրապետության դիահերձարաններում չճանաչված մարմիններ կան: Անհայտ կորած զինվորների հարազատները այսօր առավոտից փակել էին Հերացի փողոցը. այստեղ է գտնվում դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, որտեղ կատարվում են ԴՆԹ հետազոտությունները։

Ալվինա Ներկարարյանի 19-ամյա որդին Հադրութում է զոհվել հոկտեմբերին, մարմինը դեռ չկա. «9 ամիս ա չկա, ասում են՝ մահացած ա, դիակը չկա, ԴՆԹ չի բռնում, օդ ցնդե՞ց էդ էրեխեն: Թող բերեն գոնե դիակը տան, որ ես իմանամ որտեղ եմ լացում»:

Ծնողները ստուգել են բոլոր դիահերձարանները, ԴՆԹ փորձաքննություններին են հետևում. «Ոչ մի տեղ չկա, անհայտ, ոչ ոք պատասխան չի տալիս»:

«Ճանապարհը փակել ենք, քանի որ ստացել ենք տեղեկություն, որ հարյուրավոր մարմիններ կան չհայտարարված հասցեներում», - ասում է Արսեն Ղուկասյանը: Նա եղբորորդուն է փնտրում, նաև «Լույսի ճրագ» կազմակերպությունն է հիմնել, որ զբաղվում է անհայտ կորած զինծառայողների որոնման հարցերով. «Ունեմ կասկածներ, որ մարմիններ են եղել պահած, չեմ իմանում որտեղ, մրգի սառնարաններում»:

Ծնողների ձեռքի տակ էր բազմաթերթ մի ցուցակ, այստեղ տարբեր դիահերձարաններում գտնվող մարմինների ու մասունքների կոդերն էին. շուրջ 400 մասունք ու 200 մարմին կա Հերացու, Մեծամորի, Աբովյանի, Մարտունու դիահերձարաններում. ծնողները որոշեցին առանձին խմբերով շրջել դիահերձարաններով ու պարզել՝ արդյոք ճիշտ են իրենց տրված տվյալները:

«Գնում ենք էդ մասունքները, հատ առ հատ պարկերը հաշվենք, որ վաղը նորից չասեն՝ հոպ, 200 հատ էլ հայտնվավ եսիմ՝ Պողոսի սառնարանից, եթե ստորաբար չտանեն չթաղեն էրեխեքին, առանց տալու ծնողներին», - հայտարարեց Արսեն Ղուկասյանը:

Այստեղ ծնողների հետ էր Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը. «Կասկած կա մարդկանց մոտ, իրանց կասկածներով գնում ենք ընդամենը ստուգենք, իրանք չեն հավատում, դա ընդամենը ստուգողական գործողություն է, ուրիշ ոչ մի բան»:

Տղամարդկանցից մեկը Ռաֆայել Վարդանյանին է դիմում՝ եղբոր մարմինը Գորիսից ուղարկել են ամիսներ առաջ՝ ո՞ւր է, Երևան չի հասել. «Զանգել ենք Ստեփանակերտ, ասում ա՝ մենք ուղարկել ենք»:

Տելեգրամյան ալիքները Աբովյանի դիահերձարանից այսօր լուսանկարներ էին տարածել՝ դրանցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններ ու մասունքներ: Առողջապահության նախարարությունը հաստատեց՝ լուսանկարները հենց դիահերձարանից են. ըստ բացատրության՝ մարմիններն արդեն նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այս պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։ Անհայտ կորածների հարազատները տեղում բողոքել են, և զինվորների մարմինները տեղափոխվել են դիահերձարանի սառնարանային հատված։

Ամիսներով սեփական հետաքննություններն իրակացրած ծնողներն ունեն կասկածներ, որ իշխանությունը ամբողջական տեղեկատվություն չի տալիս, հակառակ դեպքում՝ որտեղ են իրենց երեխաները: Քրեագիտական վարչության պետը շեշտում է՝ բազմաթիվ ծնողներ՝ շուրջ 70 հոգի ԴՆԹ թեստ հրաժարվում է հանձնել, շուրջ 100 ծնողներ էլ դատաբժշկական կենտրոնից ստացել են տեղեկություն, որ ԴՆԹ համընկնում կա՝ բայց մարմինը վերցնել չեն ցանկանում, չեն ուզում, չեն հավատում: Արսեն Ղուկասյանն ասում է՝ այդ ծնողների հետ պետք է աշխատել:

«Ովքեր չեն հանձնել ԴՆԹ, թող գան հանձնեն, որ եթե այն մարմինները, որոնց նույնականացումը եղել ա, բայց ոչ ոքի չի համընկնում, կարող ա Աստված չանի, բայց իրանցը լինի, թող չթողնեն ոսկորները ստեղ տանջվեն, տանեն հուղարկավորեն, հանձնեն հողին», - նշեց Ղուկասյանը:

Առողջապահության նախարարության վերջին տվյալով՝ ԴՆԹ հետազոտման փուլում 73 նմուշ է, այն էլ երկրորդ կամ երրորդ անգամ հետազոտվող նմուշներ են՝ այնինչ դիահերձարաններում 400 մասունք ու 200 մարմին կա: Ծնողներն իրենք էլ են մոլորվել այս թվերի ու անորոշության մեջ: Քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքը ԴՆԹ-ով նույնականացված մասունք է հուղարկավորում, հետո էլի զանգ ստանում՝ թե համընկնում կա, հնարավոր է՝ նույն մարմնի մեկ այլ մասունք է գտնվել:

Ե՞րբ է այս ամենը վերջանալու, հարցնում էին ծնողները: Ճանապարհը նրանք բացեցին կարճ ժամանակ անց, մտան դիահերձարաններ՝ ցավոտ հաշվարկներ կատարելու:

XS
SM
MD
LG