Մատչելիության հղումներ

«Բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար», - վստահեցնում է Էրդողանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ընդունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, 1-ը հունիսի, 2021թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ընդունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, 1-ը հունիսի, 2021թ.

«Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար՝ ներառյալ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նշելով, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն Վրաստանի տարածքային ամբողջականությանը համապատասխան:

Ի պատասխան՝ Ղարիբաշվիլին անձամբ Էրդողանին և Թուրքիային շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունը, ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները պաշտպանելու համար։

Ղարիբաշվիլին ասել է՝ Թուրքիան Վրաստանի «բարեկամն է ու ռազմավարական գործընկերը»։ Նա հայտնել է, որ խոսել են տարածաշրջանի իրավիճակի մասին, և նշել է, որ Էրդողանին ներկայացրել է Վրաստանի իրավիճակը, պատմել ռուսական օկուպացիայի մասին։ «Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով», - ասել է Վրաստանի վարչապետը։

Daily Sabah-ը նշում է, որ վերջին տասնամյակում երկու երկրները կարևոր քայլեր են կատարել երկկողմ կապերն ամրապնդելու համար։ Ադրբեջանի հետ նրանք ստորագրել են Տրապիզոնի 2012 թվականի հռչակագիրը, ինչը հող է նախապատրաստել տարածաշրջանային անվտանգության և կայունության եռակողմ քննարկումների համար։ Թուրքիա-Վրաստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ կա, ազատ առևատրի համաձայնագիր, միացյալ տնտեսական առևտրային հանձնաժողով։ Երկու երկրներն Ադրբեջանի հետ իրականացրել են տարածաշրջանային էներգետիկ ու հաղորդակցության ուղիների խոշոր ծրագրեր՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

Էրդողանի հրավերով հունիսի 1-ին կատարած պետական այցը Վրաստանի վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այց է Թուրքիա։ Մինչ այդ նա Թուրքիա էր այցելել, երբ զբաղեցնում էր Վրաստանի արտգործնախարարի, այնուհետև՝ պաշտպանության նախարարի պաշտոնները։

Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունում են արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման, շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության նախարարները, Աջարիայի կառավարության ղեկավարը։

Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։

XS
SM
MD
LG