Մատչելիության հղումներ

Բաքուն պատասխանել է Մինսկի խմբի համանախագահներին և Եվրամիությանը, ըստ էության մերժելով նրանց կոչերը


Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունները, պատասխանել միջազգային կառույցների կոչերին ու հորդորներին՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Եվրամիությանը։

Մայիսի 28-ին՝ Հայաստանի վեց զինծառայողների գերեվարման հաջորդ օրը համանախագահներն ու Բրյուսելը հանդես եկան հայտարարություններով։ Համանախագահներն ընդգծել էին, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքը անընդունելի է։

Ադրբեջանի արտգործնախարարության երեկ տարածած մեկնաբանությունում ասվում է, որ գերեվարված վեց հայ զինծառայողները ականապատում էին ճանապարհները։ «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը զբաղված է ազատված տարածքները ականներից մաքրելու ամենօրյա աշխատանքով, հայկական կողմը ոչ միայն չի տրամադրում ականապատված դաշտերի քարտեզները, այլ զբաղվում է Ադրբեջանի տարածքի նոր ականապատումներով» , - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, նշելով, որ պահվող անձանց բոլորը բոլորի դիմաց փոխանակելու համանախագահների կոչերը պետք է հաշվի առնեն այդ անձանց գերեվարելու պատճառները։

Ադրբեջանը կողմ է սահմանային հարցերի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով և պաշտպանում է միջազգային հանրության կոչերը՝ սկսելու երկու երկրների սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան։ Ադրբեջանը պաշտպանում է եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար։

«Այդ գործընթացը կարող է սկսվել միայն տարածքային ամբողջականությունը ճանաչելու և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը հարգելու դեպքում, ինչը պայմաններ կստեղծի խաղաղ համակեցության համար», - պատասխանել է Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նշել, թե նրանք ինչով կարող են զբաղվել, - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հերթին կարող են աջակցել եռակողմ հայտարարության իրականացմանը՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար»։

Բաքուն նույն ոգով պատասխանել է նաև Եվրամիությանը։ Մայիսի 28-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության նույն օրը, Եվրամիությունը ևս հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր ու մտահոգիչ էր համարվում։ Եվրամիությունը Բաքվին հորդորել էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու ձերբակալվածներին։

Երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ քննարկվել է վերջես Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի վեց զինծառայողների խնդիրը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել եվրոպացի դիվանագետի նախաձեռնությամբ։

Բայրամովը նույն պնդումներն է արել, ինչ պատասխանել էին Մինսկի խմբի համանախագահներին, որ հայ զինծառայողները գերեվարվել են Ադրբեջանի տարածքը ականապատելու ժամանակ, ու դա տեղի է ունենում այն պահին, երբ մեծ ջանքեր են գործադրում Ադրբեջանի ազատած տարածքները ականներից մաքրելու համար, և ընդգծել, որ նման գործողությունները բացարձակապես անթույլատրելի են։

Տոյվո Կլաարի ու Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Բայրամովն ասել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, և որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը եռակողմ հանձնաժողով ստեղծել սահմանազատում և սահմանագծում կատարելու համար։ Քննարկվել են նաև տարածաշրջանի իրավիճակը, եռակողմ հայտարարության իրականացումն ու սահմանային լարվածությունը։

Նշենք, որ հայկական կողմի պնդմամբ՝ վեց զինծառայողները գերեվարվել են Հայաստանի տարածքում։ Վարդենիսից արևելք, Կութ գյուղի ուղղությամբ նրանք սահմանային ամրացման աշխատանքներ են կատարել, բայց ադրբեջանցի զինծառայողների կողմից շրջապատվել ու գերեվարվել են։

XS
SM
MD
LG