Մատչելիության հղումներ

2021-ի առաջին հինգ ամիսներին ապահովվել է 618,4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ՝ նախորդ տարիներից 5,9 և 8,3 տոկոսով ավելի


2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 618,4 միլիարդ դրամ (մոտ 1,19 մլրդ դոլար) համախառն հարկային եկամուտ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 583,6 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 571,2 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34,7 մլրդ դրամ կամ 5,9 տոկոս, իսկ 2019-ի հունվար-մայիս ամիսների համեմատ՝ 47,2 մլրդ դրամ կամ 8,3 տոկոս:

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, տարվա առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68,6 մլրդ դրամ գումար: 2020-ի նույն ժամանակաշրջանում վերադարձվել է 52,8 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 43,4 մլրդ դրամ: Այսինքն, ինչպես նշում է ՊԵԿ-ը, 2021-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձված գումարների աճը 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 15,8 մլրդ դրամ կամ 29,9 տոկոս, իսկ 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 25,2 մլրդ դրամ կամ 58,1 տոկոս:

Վերադարձված գումարները վերաբերում են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներին, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներին, ինչպես նաև հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի փոխհատուցվող գումարներին, նշում է ՊԵԿ-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG