Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Արմմոնո-19» ամենամյա միջազգային թատերական փառատոնը


Երեկ Թատերական գործիչների միության դահլիճում Գավառի  Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի «Կարմիր ծաղիկ» մոնոներկայացմամբ բացվեց  «Արմմոնո-19» ամենամյա միջազգային թատերական փառատոնը, որում այս տարի ավելի մեծ ներգրավվածություն ունեն մարզային թատրոնները:

Տարիներ շարունակ խոսվել է մարզերում գտնվող թատրոններին առավել մեծ պետական աջակցության անհրաժեշտության մասին, մարզերում թատերական միջավայրի աշխուժացման և թատրոնի դերն ամրապնդելու մասին, նաև մայրաքաղաքում մարզային թատերախմբերի ստեղծագործական աշխատանքներն առավել ճանաչելի դարձնելու մասին։ Եվ այս առումով թատերական փառատոները կարող են որոշակի դեր խաղալ:

Ինչպես նշում է Գավառի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը, «Արմմոնո» փառատոնին այս տարիների ընթացքում իրենք արդեն երեք անգամ իրենց մասնակցությունն են բերել: Ինքն անձամբ դեռ ուսանողական տարիներին մեկ անգամ հանդես է եկել մոնոներկայացմամբ․ - «Այս փառատոնը ինձ տվել է մասնագիտական առումով, որպես ռեժիսոր, մեկ դերասանի թատրոնի տեսակը հասկանալու, խորացնելու, զարգանալու, ևս մեկ անգամ քո ուժերը փորձելու նոր թեմաների շուրջ, թե ինչպես դա կիրականացնեիր մեծ բեմում, շատ դերասաններով, ինչպիսի խնդիր կլուծեիր։ Դա՝ մասնագիտական առումով։ Իսկ մնացած առումներով, տվել է շատ-շատ ընկերներ, նոր համագործակցություններ աշխարհի տարբեր երկրներում»։

Անդրադառնալով առհասարակ մոնոներկայացումներին՝ Սաֆարյանն ասաց․ - «Ընդհանրապես տեսեք ինչով է տարբերվում․ որտեղ չկա ո՛չ երկրորդ պլան, ո՛չ երրորդ պլան, կամ մի դերասան՝ ինքն իրանով, խոշորացված պլանով, իր էմոցիաներով, իր արտահայտչամիջոցներով․․․ Յուրաքանչյուր դերասանի համար հետաքրքիր է խաղալ մոնոներկայացում։ Առաջինը՝ փորձելու հենց ինքն իրեն, ինչքանով ինքը կկարողանա պահել լսարանը, և այն նյութը, որը ինքը ներկայացնում է, ինչքանով կկարողանա իր մասնագիտական կարողությունների միջոցով ներկայացնել»։

Լևոն Քալանթարի անվան Գավառի պետական դրամատիկական թատրոնը գլխավոր ռեժիսորի խոսքով, հիմնանորոգումից հետո թատրոնը շատ հետաքրքիր նախագծեր է իրականացնում: Այսօր թատրոնի խաղացանկում 8 ներկայացում ունեն, և մինչև տարեվերջ բեմադրելու են մի քանի նոր ներկայացում․ - «Թատրոնը, ինչպես բոլոր թատրոնները, ներկայիս վատ պայմաններում փորձում է այնպես անել, որ հասարակությանը պիտանի երևա։ Ի ուրախություն մեզ, մեր հանդիսատեսը նվիրված է թատրոնին, մենք կարողացանք այնպես անել, որ մարզային հանդիսատեսը հասկանա թատրոնի կարևորությունը, ինչը մեր առաջ դրել էինք խնդիր։ Այսօր արդեն այդ խնդիրը համարում ենք իրականացված, լուծված։ Ունենք հանդիսատես, որոնք պահանջում են, ունենք հանդիսատես, որոնք սիրով սպասում են»։

Հարցին, թե հայ հեղինակներից ում պիեսներն են բեմադրում, Սաֆարյանը պատասխանեց․ - «Ես, որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր բեմադրել եմ Մուշեղ Իշխանի «Կիլիկիոյ արքան», բեմադրել ենք կոմեդիա՝ Արամաշոտ Պապայանի «Փեսացուն Փարիզից»։ Ունենք երեք-չորս նախատեսվող պրեմիերաներ։ Ներկայացրել ենք ծրագրեր, թատրոնը մի քիչ այս պահին ֆինանսական խնդիրներ ունի։ Հուսանք։ Նախարարության միջոցով կփորձենք կարգավորել այդ հարցը և գնանք առաջ»։

Ի պատասխան հարցին, թե այս բարդ ժամանակներում ինչ դեր ունի թատրոնը, Արմեն Սաֆարյանն ասաց․ - «Թատրոնը միշտ ամենաբարդ ժամանակահատվածներում ունեցել է իր շատ կարևոր դերակատարությունը։ Հիշենք Հայրենական մեծ պատերազմի տարիները․ ստեղծվեց Ծիծաղի թատրոնը, Արցախյան առաջին պատերազմի տարիներին ստեղծվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը։ Այսօր, այս բարդ օրերին՝ ժողովրդի մասերի բաժանված լինելը, ընկճվածությունը, թատրոնը շատ կարևոր առաքելություն պետք է ունենա, որ հուսադրող բաներ բեմադրի, որ այս խեղճ ու կրակ ժողովուրդը վաղվա լույսը տեսնի։ Գոնե վաղվա լույսը, վաղվա հույսը տեսնել ու չկորցնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG