Մատչելիության հղումներ

Ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ տարածաշրջանի համար․ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ վարչապետերի նիստին


Այն, ինչ այսօր կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի և ի վերջո բոլորիս համար, ասել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ ու առանց վերապահումների դուրսբերումը, ինչպես նաև գերեվարված հայ զինծառայողների վերադարձը կարող է պայմաններ ստեղծել առաջացող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Երեկ առավորտյան էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

ԵԱՀԿ-ն իր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի մասին հաղորդումներով։«ԵԱՀԿ-ը պատրաստ է օժանդակել և կիրառել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ՝ ստեղծելու համար երկխոսությանը նպաստող մթնոլորտ», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG