Մատչելիության հղումներ

Երևանում ներկայացվեցին Նասիմ Թալեբի «Սև կարապ» և «Պրոկրուստյան մահիճ» հայերեն թարգմանությամբ գրքերը


Ակնարկագիր Նասիմ Թալեբը տեսաուղերձով է դիմում, 27-ը մայիսի, 2021թ.

«Անտարես» հրատարակչությունը «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ լույս է ընծայել ակնարկագիր, մաթեմատիկոս, նախկին թրեյդեր, ներկայում Նյու Յորքի համալսարանի ականավոր պրոֆեսոր Նասիմ Թալեբի գրքերը, որոնց շնորհանդես-քննարկումը տեղի ունեցավ երեկ երեկոյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ի դեպ, ինքը` Նասիմ Թալեբը, իր տեսագրված ողջույնի խոսքն էր հղել իր գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսի մասնակիցներին:

Ներկայացվեցին Թալեբի «Սև կարապ» և «Պրոկրուստյան մահիճ» հայերեն թարգմանությամբ գրքերը: Նշենք, որ Թալեբի «Սև կարապ» խորագրով փիլիսոփայական և գործնական աֆորիզմների ժողովածուն մեկ տարի շարունակ եղել է «Նյու Յորք Թայմսի» բեստսելերների ցանկում: Ինչպես ընդգծում էր «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Թալեբի գրքերի թարգմանությանն ու հրատարակությանը. «Մենք մոտ 5 տարի աշխատում ենք, որպեսզի հայթայթենք հեղինակային իրավունքները Թալեբի հայերեն թարգմանության համար ու «Կողբ» հիմնադրամի հետ այս գործը նախաձեռնեցինք, և ես կարծում եմ` պատվով կատարեցինք: 5 հատորն էլ թարգմանված, 3 հատորները տարբեր փուլերում են հրատարակչական, 2 հատորն արդեն լույս է տեսել: Ի՞նչ կարա տա Թալեբի մեթոդները, մտքերը, գաղափարները վաղվա Հայաստանի համար. փորձում ենք այսօր չխոսել անցյալից, խոսենք միայն ապագայից, բայց ստիպված եմ երևի ասել` եթե մեր պետական պաշտոնյաներից տարբեր ժամանակաշրջանների գոնե 3-4-ը Թալեբ կարդացած լինեին, մենք չէինք ունենա այն խնդիրները, որոնք այսօր ունենք»:

Նասիմ Թալեբի «Սև կարապը» խորագրով գրքի թարգմանչուհու Սոնա Գրիգորյանն էլ նշեց. «Ինձ համար բացահայտում էր Թալեբը` և որպես մտածող, և որպես հեղինակ, ինքն իրականում փիլիսոփա է, գիրքը մտածելու մասին է, այս պահերին շատ պետքական թեմաների մասին է խոսում, այսինքն` մենք շատ հաճախ մոռանում ենք մտածել մտածելու մասին, կոնկրետանում ենք կոնկրետիկայի վրա, շատ կենտրոնանում ենք ինչ-որ սպեցիֆիկ բաների վրա, որ պատմությունը մեզ իբրև թե սովորեցրել է, բայց մոռանում ենք ընդհանուր պատկերը: «Սև կարապն» անսպասելի մեծ մասշտաբային ազդեցություն ունեցող երևույթների մասին գիրք է, որը մեզ ստիպում է մտածել, թե ինչ կարող է լինել վաղը և ապրել մի քիչ ավելի խելացի: Օրինակ հնդկահավի պես, որին ամեն օր կերակրում են, ինքը կարծես թե մտածում է, թե լավ է, մարդն ինձ ամեն իր կերակրում է, ուրեմն վաղն էլ կկերակրի, բայց էտ վաղն էլ մի օր գալիս է, ու մարդը վերցնում է, իրեն սպանում է, որպեսզի իրենից սնունդ վերցնի: Մենք չպիտի լինենք այդ հնդկահավի պես:

Բնագրից անգլերենից եմ թարգմանել, Թալեբն իրականում լիբանանյան արմատներ ունեցող հեղինակ է, որը գրում է անգլերեն, որովհետև իր կրթությունն ու ամբողջ կարիերան անցել է Ամերիկայում: 1 տարի մոտավորապես տևեց ընդհհանուր առմամբ (թարգմանելը): Բավականին դժվար գիրք է, որովհետև գրեթե ամեն էջում ինչ-որ մի բան ես բացահայտում, սա մեխանիկական թարգմանություն չէր: Թալեբի գրքերից թարգմանում եմ նաև իր այս շարքի առաջին գիրքը` «Պատահականության խաբկանքից մոլորվածները», սա իրեն մտածելու տեղիք տված առաջին գիրքն է, որից հետո «Սև կարապը» դարձավ ամենահայտնին»:

«Սև կարապը» գրքի խմբագիր Վահագն Խաչատրյանի համոզմամբ` Նասիմ Թալեբը բարդ, բայց չափազանց հետաքրքիր հեղինակ է, որի ստեղծագործությունները կարող են չափազանց հետաքրքիր լինել յուրաքանչյուրի համար, ով փորձում է իր տեղն ու դերը հասկանալ այս կյանքում և ճակատագրական բեկումներ կատարել կյանքը բարելավելու համար. «Ինքը գրելու մեծ վարպետ է, մեծ փիլիսոփա է, բայց նաև մեծ ֆինանսիստ է, հետո Արևելքի ծնունդ է, ինձ համար ամենամեծ հայտնագործությունն իր այս գրվածքով այն էր, որ ես հասկացա, որ այդ մարդը շատ-շատ է սիրում իր հայրենիքը, ընտանիքը, արմատները: Ինքն այնպես սիրով է ներկայացնում, որ անկախ քեզնից ավելի շատ ես իրեն հարգում, որովհետև դա արժեքներ են իր համար, ու իր ամբողջ մտածողությունն այդ արժեքների ազդեցության տակ է: Իսկ բովանդակությունը, որը շատերին հետաքրքրում է այն առումով, որ նաև պրակտիկ կիրառելիության, բայց դա պարզապես փիլիսոփայություն է մարդու մասին, մարդու տեսակի մասին, և մարդու տեսակից լինելով` նաև իր դրսևորումները տարբեր միջավայրերում` տնտեսական, առօրյա, ֆինանսական, և իհարկե բոլորին ամենահետաքրքրողը «Սև կարապ», սև կարապ հասկացողություն, որովհետև շատ դեպքերում մեկնաբանվում է ֆատանիզմ ճակատագրի, այսինքն` դուք ոչինչ չեք կարող անել, այդպիսի տպավորություն կարող եք ստանալ, բայց երբ որ խորանում եք գիրքը, ստացվում է, որ ընդհակառակը` դուք չեք ուզում այդ խնդիրների լուծման մեծ մասնակցություն ունենալ, դուք ձեզ հեռու եք պահում: Օրինակ` այս համաճարակի հետ կապված ինքը 2 տարի առաջ` դեռևս 18 թվականին, մի ելույթի ժամանակ ասել էր, որ մարդկությունը պետք է սպասի համաշխարհային համաճարակների գալիքին, ու բացատրությունը հետևյալն էր` քանի որ գլոբալիզացիայի հետ կապված շփումները շատացել են բոլոր բնագավառներում, և այդ պայմաններում այդպիսի երևույթներն անկառավարելի են դառնում, տարածվելու մեծ հնարավորություն ունի: Ու ընդամենը 2 տարի հետո մենք եկանք այս իրավիճակին, այսինքն` գիրքը մարդկանց մտածելու, խորհելու, ազատ զգալու, նաև ինչ-որ առումով լավ զգալու հնարավորություն է տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG