Մատչելիության հղումներ

Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ վերադարձվեն․ Հայաստանը դատապարտում է իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառումը


Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունն ընդգծում է՝ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դժգոհելով ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից, չբացառեց, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։

XS
SM
MD
LG