Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գործողությունները այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կողմից պետք է հստակ գնահատականներ ստանան․ Մակունց


ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների, այսօր Ազգային ժողովում հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Հայաստանի սահմաններին ադրբեջանական գործողություններին։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Այսօր էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայող։

«Ես կարծում եմ, որ հետագա լարումներից և բախումներից խուասփելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանի Հանրապետությունը, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները և զարգացումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական ստանա», - հայտարարեց Մակունցը:

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դժգոհելով ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից, չբացառեց, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։

XS
SM
MD
LG