Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն առաջարկում է Վերիշեն ու Ակներ գյուղերը ներառել սահմանամերձ համայնքների ցանկում


Օմբուդսմեն Արման Թաթոյանը Սյունիքի մարզի սահմանին, մայիս, 2021թ․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կառավարությանն առաջարկել է Վերիշեն ու Ակներ գյուղերը ներառել սահմանամերձ համայնքների ցանկում։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այս հարցը հատկապես արդիական է` հաշվի առնելով ադրբեջակական զինված ուժերի անօրինական ներխուժումը ՀՀ Սև լճի տարածք` Վերիշեն ու Ակներ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև նրանց կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ու դրանք վտանգող պարբերական սադրանքները», - նշել է օմբուդսմենը։

«Նշվածից բացի, Ակների բնակիչները բարձրացրել են կարևոր հարց այն մասին, որ գյուղի մոտ 150 բնակիչներ չեն օգտվում իրենց պատկանող հողի օգտագործման համար սահմանված արտոնություններից միայն այն պատճառով, որ իրենք սահմանամերձ ճանաչված բնակավայրի բնակիչ չեն, թեև այդ հողերը 2012 թվականից գտնվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքում: Խոսքն արոտավայրերի և խոտհարքների մասին է», - գրել է Արման Թաթոյանը:

XS
SM
MD
LG